ՀՀ-ում նեոֆաշիզմի ուղիղ սպառնալիք չկա, բայց դա չի նշանակում, թե ՀՀ-ն կարող է դրանից անմասն մնալ. Սերգեյ Կուրղինյան
Երևանում միջոցառումների շարք է սկսվել, որը նվիրված է նեոֆաշիզմին, սակայն Հայաստանի ներսում նեոֆաշիզմի ուղիղ սպառնալիք չկա. այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Cуть времени» հասարակական շարժման ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը՝ խոսելով «Ֆաշիզմը 21-րդ դարի ռևանշիզմն է» թեմայի շուրջ:
Ամենասկզբում պատասխանելով լրագրողի հարցին, թե ֆաշիզմը որքանով է ակտուալ Հայաստանի համար, քաղաքագետը պատասխանեց, թե դա կախված նրանից, թե ինչպես է ընկալվում «նեոֆաշիզմ» տերմինը:
«Հայաստանը չունի նեոֆաշիզմի խնդիր երկրի ներսում, բայց երկրի սահմաններից դուրս կան նեոֆաշիզմի վտանգավոր դրսևորումներ, որոնք չեն կարող Հայաստանին անմասն թողնել»,- ասաց Կուրղինյանը՝ միաժամանակ նշելով, որ եթե խոսվում է աշխարհի մեծ «պերեստրոյկայի», փոխակերպման մասին, ապա նեոֆաշիզմը գործիք է: Հետևաբար, ըստ քաղաքագետի, Հայաստանի համար սա ակտուալ է:
«Հայաստանը չի կարող այդ մեծ «պերեստրոյկայի» ընթացքում իր մասնակցությունը չունենալ: Իսկ դա նշանակում է , որ Հայաստանին սպառնում է նեոֆաշիզմը»,- ասաց քաղաքագետը:
Մոսկվաբնակ քաղաքագետն ասաց, թե Հայաստանում նա հետևում է մարդկանց կյանքին և քննարկումներ իրականացնում այնպիսի թեմաների շուրջ, որոնց մասին մարդիկ չեն սիրում խոսել:
Քաղաքագետը բերելով Դոնեցկի օրինակն, ասաց, թե Երևանում էլ մարդիկ ապրում են իրենց խաղաղ կյանքով, ինչպես նաև ունեն բազում խնդիրներ, ինչպես տարիներ առաջ Դոնեցկի բնակիչները:
«Բայց այսօր Դոնեցկն ամբողջությամբ տապալված է»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, թե հետևությունն այն է, որ ավելի լավ է սպառնալիքների՝ մասնավորապես նեոֆաշիզմի դեմն առնել դրանց գլուխ բարձրացնելուց առաջ:
Հարցին, թե Կուրղինյանի կանխատեսումները միշտ իրականանում են, Հայաստանի համար նա ինչ կանխատեսումներ ունի, քաղաքագետը պատասխանեց, թե Հայաստանի մասին ուղիղ կանխատեսում չունի: «Թուրքիայի վերաբերյալ ունեմ ուղիղ կանխատեսում: Թուրքական և տարածաշրջանային գործընթացները չեն կարող չանդրադառնալ Հայաստանի վրա: Հայաստանը կընդգրկվի մի գոտում, որտեղ անկանխատեսելի է ամեն բան»,- ասաց Սերգեյ Կուրղինյանը:










