Համոզված չեմ, որ ՀԷՑ-ի շքեղության էլեմենտները սակագնում իրենց արտացոլումը չեն գտնի. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ

17:35 • 02.06.15

Հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես պաշտոնատար անձը կատարում որևէ այլ պետության, կամ անհատի շահը՝ անտեսելով իր երկրի բազմահազարանոց քաղաքացիների ձայնը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հայտարարությանը, թե հոսանքի որոշակի թանկացում կլինի, սակայն չի կարող ասել՝ ինչ չափով:

 

«Նորից ակնհայտ է դառնում, որ ամեն ինչ կանխորոշված էր, և այդ քննարկումները պարզապես խաղ էր, որ տարվում էր»,-ասաց նա։

 

Իսկ ինչ վերաբերում է թանկացման համար հիմք հանդիսացող պատճառներից մեկի՝ դրամ-դոլար տատանումներին, Մաքսիմ Սարգսյանը հարց ուղղեց, որ երբ ժամանակին դոլարի փոխարժեքն անկում ապրես, ինչո՞ւ հոսանքը չէժանացավ։


«Եթե իրենք հիմնական շեշտը դնում են դրա վրա, ապա պետք է ժամանակին իջեցնեին»,-ասաց նա և ակնհայտ համարեց, որ նրանք պարզապես սատարում են ՀԷՑ-ին՝ անտեսելով իրենց քաղաքացիների շահերը։
 

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Ռոբերտ Նազարյանը նշել է, որ և՛ գործող, և՛ առաջիկա սակագնում ՀԷՑ-ի շքեղության որևէ էլեմենտ սակագնում իր արտացոլումը չի գտնի, Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ համոզված չէ այդ հարցում։

 

«Եթե հավատալու լինեինք Ռոբերտ Նազարյանի խոսքին, ապա ինքը հայտարարել էր, որ մեկ տարի հոսանքի թանկացում չի սպասվում»,-ասաց նա։