Հոսանքի որոշակի թանկացում կլինի, ինչ չափով, չեմ կարող ասել. Ռոբերտ Նազարյան

12:53 • 02.06.15

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ զրույցում խոսելով էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով  թանկացնելու նպատակով ՀԷՑ-ի և մյուս կայանների ներկայացրած հայտերից, նշեց, թե ուսումնասիրում են և հավանաբար, հունիսի 9-ին կամ 10-ին իրենց տեսակետը կհայտնեն, թե ինչքանով է հիմնավոր հայտը: «Քանի որ սակագինը բազմագործոն է, ես այսօր ընդամենը կարող եմ ասել, որ մի քանի բաղադրիչ կա, որն ակնառու է դարձնում՝ սակագնի վերանայման արդյունքում որոշակի  թանկացում կլինի, ինչ չափով, ինչ  մեծությամբ, այդ մասին ես պատրաստ չեմ այսօր ասել»,- ասաց նա:


-Պարո՛ն Նազարյան, հայտը ներկայացվել է, ի՞նչ եք կարծում, կա՞ն հիմքեր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար:


-Ես այդ հարցին կարող եմ ընդամենը պատասխանել, որ ունենք բոլոր կայանների հայտերը, ունենք շուկայի մասնակից մյուս ընկերությունների հայտերը,  ունենք նաև ՀԷՑ-ի հայտը: Սահմանված կարգով նայել ենք, արդյոք այդ հայտերը, որ ներկայացված են՝ համապատասխանում են մեր կարգերին, թե չէ: Բոլորդ տեղյակ եք, որ  մենք ընդունել ենք ի վարույթ բոլոր հայտերը և ներկայացված հայտերը մեր ինտերնետային կայքում են ամբողջությամբ: Որևէ տող, որևէ  թերթ չի պակասում, որպեսզի հանրությունը կարողանա միանգամից ծանոթանալ հայտերի բովանդակային մասին: Մեր կարգերը  նաև սահմանել են, որ մինչև 88 օր ուսումնասիրման ժամկետ ունենք: Կարծում եմ հունիսի 9-ին կամ 10-ին մեր տեսակետը կհայտնենք, որը նույնպես կտեղադրվի մեր  ինտերնետային կայքում, որպեսզի բոլորը կարողանան ծանոթանալ մեր որոշման հետ:


-Սակագնի հարցում հիմա ձեր դիրքորոշումը ամեն դեպքում ունեք, պետք է թանկանա՞, թե՞ ոչ:


-Դիրքորոշում ասելով հասկանում եմ ամեն ինչ. արդյո՞ք հայտերը հիմնավորված են, հայտի ո՞ր հոդվածն է ընդունվել, որը չի ընդունվել, որի արդյունքում ինչ կունենանք:


-Իսկ թանկացումն այս պահին հիմնավորվա՞ծ է:


-Կրկնում եմ, որ քանի որ մեր աշխատակազմը դեռևս չի ավարտել ուսումնասիրությունները, որևէ  բա չեմ կարող ասել, բայց հաստատակամ և ամենայն պատասխանատվությամբ  ուզում եմ ասել, որ բավականաչափ մեծ հնչեղություն է ստացել հատկապես մամուլում, որ ՀԷՑ-ն իր հայտում ունի այնպիսի հոդվածներ, շքեղության մասին է խոսքը, որը վերաբերում է թանկարժեք մեքենաների, առանձնատների  վարձակալությանը, և էլի այլ ծախսերի, դրա համար այդ մասով ես ընդամենը կարող եմ ասել և՛ նախորդ սակագների, և՛ գործող, և՛ առաջիկա սակագնում այդ շքեղության որևէ էլեմենտ մեր սակագնում իր արտացոլումը չի գտնի:


-Ի վերջո, հոսանքի գինը կբարձրանա՞, թե՞ ոչ:


-Դուք նորից ինձ հարց եք տալիս, որին ես պատրաստ չեմ այսօր պատասխանել:


-Տրամաբանակա՞ն է 17 դրամով բարձրացնելու դիմումը:


- Քանի  որ սակագինը բազմագործոն է, ես ընդամենը կարող եմ  ձեզ այսօր ասել, որ մի քանի բաղադրիչ կա, որ ակնառու է դարձնում՝ սակագնի վերանայման արդյունքում որոշակի  թանկացում կլինի, ինչ չափով, ինչ  մեծությամբ, այդ մասին ես պատրաստ չեմ այսօր ասել: Որոնք են այն բաղադրիչները, որոնք մեր կարծիքով կարող են ազդել սակագնի վրա և տանել դեպի բարձրացում. դա ակնհայտ է, ձեզ համար էլ պարզ բան է, դոլար-դրամ փոխարժեքը, որը կտրուկ փոփոխության ենթարկվեց: Եթե  դուք հիշում եք, որ 14թ-ի սակագների վերանայման  ժամանակ սակագնի հաշվարկման հիմքում հաշվի էինք  առել դոլար-դրամ փոխարժեքը, այսօր  արդեն 480 է:


-Իսկ ժողովրդի վճարունակության բաղադրիչներն ուսումնասիրե՞լ եք:


-Հարգելիներս, ինձ հարց տվեք, իմ  գործառույթների շրջանակում:


-Դուք անցած տարի խոստացել էիք և կանխատեսել, որ չի լինելու բարձրացում:


-Տեսնում եք, իմ տառապանքը փորձ ունի, անցած տարի, դուք այդ հարցը տվեցիք ինձ, ես պատասխանեցի մի քանի նախադասությամբ: Իմ պատասխանի  միջից առանձնացրեցիք մի նախադասությունը, մնացածը կոնտեքստից հանում եք և այսօր շահարկում եք: Դրա համար այսօր զերծ կմնամ, բայց ասեմ, որ անցած տարի ես ասացի, որ եթե դուք ինձ ասեք, որ սակավաջուր  կլինի նախորդ տարվա նման, թե չէ, դոլար-դրամ փոխարժեքը ինչպիսին կլինի, միջուկային վառելիքի գինը  ինչպիսին կլինի և էլի բազմաթիվ գործոններ, եթե մնա նույնը  այս բոլորը, ապա սակագինը չի  փոխվի: Բայց  ցավոք սրտի..


-Բայց սակավաջրություն չունենք:


-Ունենք:


-Ջրային տնտեսության պետական կոմիտեն ասում է, որ չունենք:


-Եկեք բոլորս հասկանաք մի բան, դուք նպատակ ունեք ճիշտը լսելու, ոչ թե ընդամենը որևէ  մեկի խոսքը  յուրովի մեկնաբանելու: Ջրային տնտեսության կոմիտեի խոսքը ես լսել եմ, նա ասաց, որ այս տարի մեր ջրային  ռեսուրսները ավելի լավն են, քան նախորդ տարի: Մենք խոսում ենք  այսօր սակագնի վերանայման հետ կապված 14-15թթ.-ի  սակագնային տարվա մասին, երբ սակագինը  սահմանեցինք և օգոստոսի 1-ից մտավ գործածության մեջ, դա մինչև 2015-ի օգոստոսի 1-ը պետք է լինի: Եթե դուք վերցնեք վիճվարչության տվյալները, բոլոր այն պատկան  մարմինների տվյալները, որոնք ջրային ռեսուրսների մասին պատասխանատվություն են կրում հստակ թվեր նշելու, կտեսնեք, որ սակավաջուր տարի է եղել, և մեր փոքր ՀԷԿ-երը մեր սահմանված  մեծությունից ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրել, միայն  պայմանավորված սակավաջրությամբ:


-Կարծես թե միջուկային  վառելիքի գինն էլ չի փոխվել:


-Իհարկե, հուրախություն մեզ չի փոխվել, բայց քանի որ  պայմանագիրը դոլարային է, այդտեղ մենք արդեն  լուրջ, շոշափելի խնդիր ունենք:


-Իսկ  իշխանությունը պատրա՞ստ է այն բողոքի ալիքին, որը հնարավոր է առաջանա ձեր  որոշման արդյունքում:


-Հարգելիներս ես չեմ կարող պատասխանել այն հարցին, որին ես իրավունք չունեմ պատասխանելու: Մենք այդ հարցերը, երբ քննարկենք և կասենք, որ մեր դիրքորոշումը հետևյալն է,  սակագնի մեծությունն այսպիսին պետք է լինի… Դրա համար կան պատկան մարմիններ՝ սկսած Աշխատանքի և  սոցիալական  հարցերի նախարարությունից,  վերջացրած մնացածներով, պետք է իրենք  վերլուծություններ անեն և կարողանան համարժեք քայլերով լուծել: