Նա պետք է կանգնի դատարանի առաջ. Սպիտակ տունը պահանջում է վերադարձնել Սնոուդենին

11:51 • 02.06.15

ԱՄՆ-ի իշխանությունները պնդում են, որ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պետք է վերադառնա հայրենիք և կանգնի դատարանի առաջ. այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, փոխանցում է segodnya.ua-ն։

 

Հերթական ճեպազրույցի ընթացքում լրագրողները հետաքրքրվել են «Սնոուդենի գործը վերանայելու» հնարավորության մասին, ինչին Էռնեստը բացասական է պատասխանել։

 

«Սնոուդենը մեղադրվում է շատ լուրջ հանցագործությունների համար։ Մենք կարծում ենք, որ նա պետք է վերադառնա ԱՄՆ և կանգնի դատարանի առաջ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

 

ԱՄՆ-ում Սնոուդենը մեղադրվում է գաղտնի տեղեկություն տարածելու համար։ Նա ԶԼՄ-ներին է փոխանցել Ազգային անվտանգության գործակալության՝ էլեկտրոնային լրտեսության ծրագրի մասին փաստաթղթեր, իսկ 2013-ին փախել է Հոնկոնգ, այնտեղից էլ՝ Մոսկվա։