Էդվարդ Սնոուդենն արժանացել է Բյորնսոնի անվան նորվեգական մրցանակի
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն արժանացել է նորվեգացի գրող Բյորնստերնե Բյորնսոնի անվան ամենամյա մրցանակին: Այդ մասին ասված է Գրականության և արտահայտման ազատության նորվեգական ակադեմիայի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ТАСС-ը:
«Սնոուդենը հասարակության համար բացահայտել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի լուրջ խախտումների փաստերը, ինչպես նաև ցույց տվել, թե ինչպես պետությունը կարող է օգտագործել էլեկտրոնային տեխնոլոգիաները ոչ միայն իր քաղաքացիներին, այլև այլ երկրների քաղաքացիների հետևելու համար»,- հայտարարել է ակադեմիայի ներկայացուցիչ պրոֆեսոր Տոմաս Էրիկսենը:
Նա նաև նշել է, որ ակադեմիայում ուրախ կլինեն, եթե Սնոուդենը կարողանա անձամբ ստանալ մրցանակը սեպտեմբերի 5-ին՝ ժամանելով նորվեգական Մոլդե: Իրավաբանները, որոնց հետ խորհրդակցել է մրցանակի հանձնման համար պատասխանատու կոմիտեն, նշում են, որ նորվեգական օրենսդրությունը թույլ չի տա նորվեգական իշխանություններին արտահանձնել Սնոուդենին ԱՄՆ՝ 1980 թվականին արտահանձնման մասին երկու երկրների միջև կնքված պայմանագրի համաձայն:
Նորվեգական ակադեմիան Բյորնսոնի մրցանակը շնորհում է 2004 թվականից՝ նոր գրական և փիլիսոփայական ուղղությունների մասսայականացման, ինչպես նաև «Բյորնստերնե Բյորնսոնի ոգով խոսքի ազատության» պաշտպանության համար:










