Air India-ն օդաչուների և անձնակազմի անդամների համար յոգայի պարապմունքներ է սահմանել

13:06 • 03.06.15

Air India ավիաընկերությունն անձնակազմի նոր անդամների և այժմ ուսուցում անցնող օդաչուների համար յոգայի պարապմունքներ է սահմանել, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Air India-ի աշխատակիցը պատմել է, որ ընկերությունն առաջին անգամ է յոգան ներառել պատրաստման ծրագրում:

 

«Մենք կարծում ենք, որ յոգան կարգապահության զգացողություն է հաղորդում, ինչպես նաև օգնում է ավելի լավ հաղթահարել սթրեսն աշխատավայրում»,- նշել է նա: Նրա խոսքով՝ անձնակազմի ուսուցում անցնող բոլոր անդամները պետք է յոգայի դասընթացների այցելեն առավոտյան ժամը 6:30-ին:

 

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին միջոցներ է ձեռնարկում յոգայի տարածման համար: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հնդկաստանի կառավարությունը պետծառայողների համար յոգայի անվճար դասընթացներ է կազմակերպել:

 

Յոգայի միջազգային օրը կնշվի հունիսի 21-ին, սպասվում է, որ Մոդին տոնի առթիվ բաց դաս կկազմակերպի Նյու Դելիի կենտրոնում: