ԵՊՀ-ում գոհ են դիմորդների թվից. ռեկտոր
Երևանի պետական համալսարանում նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թվի նվազում է եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով, թե ելնելով դիմորդների քանակի ընդհանուր պակասից, իրենք գոհ են դիմորդների թվից:
«Ինչպես միշտ, դիմորդների թվի 1/3-ը համալսարան է դիմել: 2014 թվականին դիմորդների թիվը 3601 էր, այս տարի՝ 3448»,- նշեց Արամ Սիմոնյանը՝ հավելելով, թե դա պայմանավորված է երկու հանգամանքով. մեկն այն է, որ դիմորդների ընդհանուր թվի նվազում կա, իսկ հաջորդն այն է, որ մրցակցությունն է ավելանում:
«Ամերիկյան համալսարանը բակալավրիատ մտցրեց, Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացվեց: Սա էլ է պատճառ, բայց գլխավոր պատճառը դիմորդների ընդհանուր թվի պակասն է»,- ընդգծեց Արամ Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ իրենք ընդհանուր վիճակից գոհ են, բայց դժգոհ են մի շարք մասնագիտություններում տեղերը չհամալրվելուց:
«Հատկապես շատ մտահոգում է բնագիտական թևը, ֆիզմաթ թևը, մտահոգիչ է ռուսաց լեզվի և գրականության, մշակութաբանության, արվեստաբանության, տնտեսագիտության տեսության վիճակը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ միաժամանակ նշելով, թե ավելի շատ դիմում են իրավագիտություն, հայոց լեզու և գրականություն, լրագրություն, ռոմանագերմանական լեզուներ բաժիններում: Նա նշեց նաև, թե արևելագիտությունում թուրքագիտությունից բացի արաբագիտությունը և իրանագիտությունը գոհացուցիչ չեն:
Պետհամալսարանի ռեկտորն ասաց, թե խնդիրներից մեկն էլ այն է, որ բնագիտական թևի շրջանավարտներն աշխատանքի տեղավորման հարցում դժվարանում են:
«Շուկայում աշխատանքի խնդիր կա»,- ասաց նա:










