Ռուսական կողմը ներկայացրել է մալայզիական Boeing-ի կործանման իր հիմնական վարկածը
Ուկրաինայի արևելքում մալայզիակա Boeing օդանավի կործանման հիմնական վարկածը Դոնբասի երկնքում ուկրաինական Սու-25 ինքնաթիռի առկայությունն է եղել, որը կարող էր հարձակում գործել ուղևորատար ինքնաթիռի վրա: Այդ մասին Interfax.ru-ին հայտնել է գործի նյութերին ծանոթ աղբյուրը:
«Ռուսական կողմի քննության համար հիմնական է համարվում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի զինծառայող Եվգենի Ագապովի ցուցմունքների վրա հիմնված վարկածը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Interfax.ru-ի հաղորդմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեն հրապարակել է ինքնաթիռի կործանման գործով գլխավոր վկայի անունը:
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, քանի որ այժմ վկայի խոսքերի արժանահավատ ապացույցներ են հայտնվում, Քննչական կոմիտեն որոշել է բացահայտել նրա մասին տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է 2014-ի հուլիսի 17-ին։ Ինքնաթիռում գտնվել է 283 ուղևոր և անձնակազմի 15 անդամ, նրանք բոլորը մահացել են։










