Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողական խորհուրդը հակաթուրքական բանաձև է ընդունել
Ամերիկյան Կալիֆոռնիայի համալսարանի Սանտա Կրուզի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը գաղտնի քվեարկությամբ բանաձև է ընդունել, որն արգելում է 72.6 մլն դոլար արժողությամբ համալսարանական պարտատոմսերի ու այլ ներդրումների կատարում Թուրքիայի Հանրապետությունում:
Ինչպես նշում է asbarez.com-ը, ուսանողական խորհրդի նման որոշումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի իշխանությունների վարած ժխտողական քաղաքականությամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Կալիֆոռնիայի համալսարանի կողմից թուրքական կառավարությունում ներդրումներ անելու դեմ հանդես են եկել ոչ միայն Սանտա Կրուզի մասնաճյուղի ուսանողները, այլև Հայ ուսանողների ասոցիացիան, հայ համայնքի ներկայացուցիչները:
«Տվյալ բանաձևի ընդունումը ցույց տվեց Թուրքիային, որ հայ ժողովուրդը չի պատրաստվում նահանջել, քանի դեռ իրենք չեն ճանաչել Ցեղասպանությունը»,-նշել է Հայ ուսանողների ասոցիացիայի անդամ Կամի Կահվեջյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ընթացիկ տարվա առաջին կեսին ներդրումների հետ կապված նման հակաթուրքական բանաձև է ընդունել Կալիֆոռնիայի համալսարանի 5 մասնաճյուղ:










