«Ջահուկյանական ընթերցումներ». միջազգային գիտաժողով Երևանում
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի լիագումար նիստը: Այն նվիրված է բանասեր, լեզվաբան, հայագետ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի 95-ամյա հոբելյանին:
Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին «Ջահուկյանական ընթերցումներ» գիտաժողովը տեղի է ունեցել 2006 թվականին՝ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ:
«Այնուհետև գիտաժողովը մեծ համարում է ձեռք բերել լեզվաբանների շրջանում: Ամեն տարի գիտաժողովին հնչել են 30-40 զեկուցումներ, որոնցում արծարծել են արդի լեզբավաբանությանը հուզող խնդիրներ, առաջարկվել են լուծումներ, եղել են քննարկումներ»,-ասաց նա և նշեց, որ նախորդ տարի գիտաժողովը դարձավ միջազգային և 9 երկրներից մասնակիցներ ներկա գտնվեցին, իսկ այս տարի ներկա են 3 երկրի ներկայացուցիչներ: Նա նշեց, որ դրսի ներկայացուցիչների գալ կամ չգալը ֆինանսական հարցերով է պայմանավորված:
Նա ասաց, որ Գևորգ Ջահուկյանը հայ լեզվաբանությանը բերել է միջազգային ճանաչում: «Թվում է՝ միշտ նա մեզ հետ է, միշտ մեզ ղեկավարում է իր բարի հիշատակով»,-ասաց նա:
ԳԱԱ ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանն իր բացման խոսքում «Ջահուկյանական ընթերցումների» կազմակերպումը լավ ավանդույթ համարեց, որը լեզվի ինստիտուտը տարիներ անընդմեջ իրականացնում է՝ հրավիրելով միազգային տարբեր երկրների լեզվաբաններին:
Նա նշեց, որ հումանիտար գիտությունների ոլորտում դժվար է միջազգային բարձր մակարդակ ունենալ: «Ջահուկյանը կարողացավ հումանիտար գիտությունը բարձրացնել և միջազգային բարձր մակարդակի հասցրեց»,-ասաց նա:
Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Ջահուկյանը շատ հետաքրքիր մարդ էր, սիրում էր անկեդոտներ պատմել և ամեն հանդիպելիս մի նոր անեկդոտ էր պատմում:
Առաջին զեկուցող Լիանա Հովսեփյանը ներկայացրեց Ջահուկյանի կյանքը և գործը: Նա նշեց, որ Ջահուկյանի աշխատանքը տարիների ընթացքում ոչ թե խամրել է, այլ հակառակը՝ ավելի արժևորվել: Նա նշեց, որ Ջահուկյանը այն բացառիկ հետազոտողներից է, որ աչքի է ընկնում իր խորությամբ և նրա աշխատությունները ելակետ են դարձել հետագա լեզվաբանների համար:
«Ջահուկյանի գաղափարներն ընդունված են և լեզվաբանության մեջ գտել են իրենց շարունակողները»,-ասաց նա:










