Կարող եմ վերահաստատել, որ եղել է Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշումը. Է. Նալբանդյան

12:11 • 03.06.15

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին, թե ի վերջո, ինչ եղավ Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ասաց, որ նման որոշում եղել է:
 

«Կարող եմ վերահաստատել, որ եղել է Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշումը: Դա տեղադրված է նաև իրենց կայքում: Ես կարող եմ վերահաստատել նաև, որ ԱԳՆ-ն ողջունել է Բրազիլիայի սենատի այդ որոշումը»,- ասաց գերատեսչության ղեկավարը:

 

Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 27-ին տեղեկացվել էր, որ Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել էր Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:



Այս որոշմանը հաջորդեց ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը, որով գերատեսչության ղեկավարը ողջունում էր Բրազիլիայի Սենատի որոշման ընդունումը և նշում, որ շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։


Հիշեցնենք նաև, որ մամուլում այնուհետև լուրեր էին շրջանառվում, որ Բրազիլիայի խորհրդարանը նման որոշում չի կայացրել: