Պորոշենկոն ուժեղացրել է Սաակաշվիլիի անվտանգությունը

14:06 • 03.06.15

Ուկրաինայի Օդեսայի նահանգապետ նշանակված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անվտանգությունը կապահովեն ուկրաինացի հատուկջոկատայինները, հաղորդում է Interfax.ru-ն:

 

Ինչպես հայտարարել է Սաակաշվիլին «Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերությանը, այդ մասին հրամանագիրը ստորագրել է անձամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

 

«Ինձ հսկում է հատուկ նշանակության ստորաբաժանման խումբը: Այստեղ ավելի ուժեղացված անվտանգություն է, քան Կիևում»,- ասել է նա:

 

Սաակաշվիլիի խոսքով՝ դա չի նշանակում, որ նա հեռացել է ժողովրդից:

 

«Դա չի նշանակում, որ ես չպետք է շփվեմ մարդկանց հետ: Հեռավորություն չպետք է լինի: Նախագահը լրացուցիչ հրամանագիր է ստորագրել իմ անվտանգությունից ելնելով, այնպես որ ե՛ս դա չեմ պահանջել»,- ասել է նա:

 

Սաակաշվիլին ընդգծել է, որ շրջանում կան անվտանգության սպառնալիքներ, բայց «մենք պատրաստ ենք դրան»:

 

Անցած շաբաթ օրն Ուկրաինայի նախագահը Սաակաշվիլիին երկրի քաղաքացիություն է շնորհել և նշանակել է Օդեսայի նահանգապետ: