Բրազիլացի լրագրողը փորձել է հարցազրույց վերցնել մահացած մարդուց (տեսանյութ)

13:44 • 04.06.15

Բրազիլական TV Atalaia հեռուստաալիքի լրագրողներից մեկը հայտնվել է անչափ տհաճ իրավիճակում, երբ փորձել է հարցազրույց վերցնել մի մարդուց, ով մահացած է եղել:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, լրագրողը նյութ է պատրաստելիս եղել խանութ թալանած գողի մասին, ում ոստիկանները հետապնդել են ու մահացու վիրավորել: Սակայն լրագրողը չի իմացել, որ հանցագործն արդեն մահացած է. փոխարենը նա կարծել է, թե վերջինս հանձնվել է ու պառկել գետնին:

 

Իրավիճակն առավել անհարմար է դարձրել այն հանգամանքը, որ «հանգուցյալի հետ հարցազրույցը» հեռարձակվել է հեռուստաալիքի ուղիղ եթերով: Լրագրողը հարցրել է հանգուցյալին, թե ինքը քանի տարեկան է ու պատասխան ստանալու ակնկալիքով բարձրախոսը մոտեցրել նրան: Սակայն րոպեներ անց նա գիտակցել է, որ տղամարդը մահացած է: