Եկեղեցի կառուցելը և՛ մեղքերը քավելու, և՛ ապաշխարելու, և՛ վերին Երուսաղեմում տուն ունենալու միջոց է. Վարդան Ղուկասյան

09:09 • 04.06.15

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Tert.am-ի հետ զրույցում Աստվածաշնչից է մեջբերում, թե որքան կարևոր է միջոցներ տրամադրել եկեղեցաշինության համար: «Աստվածաշունչն ասում է «Երանի եկեղացաշինողաց»»,-նշեց նա` ընդգծելով, որ ինքը նաև կողմնակից է, երբ հին եկեղեցիներն են վերակառուցում, ինչպես ինքն է դա արել: Նախկին քաղաքապետը վստահ է, որ եկեղեցի կառուցելով երկնային արքայության կարող են արժանանալ և նաև դրանով երկրի վրա գործած մեղքերը քավել. «Ե՛վ մեղքերը քավելու միջոց է, և՛ ապաշխարելու միջոց է, և՛ վերին Երուսաղեմում տուն ունենալու միջոց է: Երբ ես կառուցեցի Ամենափրկիչը, ես մտածում էի, որ վաղը Աստված պետք է ինձանից պահանջի, որ քո տները կառուցեցիր, բա հավիտենական տանդ մասին մտածո՞ւմ ես»։

 

-Պարո՛ն Ղուկասյան, հատկապես վերջին տարիներին եկեղեցաշինությունը մեծ թափ է ստացել, ինչպե՞ս եք վերաբերում նման միտմանը:

 

-Գիտե՞ք ինչ, Աստվածաշունչն ասում է «Երանի եկեղացաշինողաց»: Պատարագի ժամանակ էլ ասում է «Հիշատակ և ողորմյա եկեղեցի կառուցողաց»: Բայց ընդհանրապես ես կողմնակից եմ, որ հին եկեղեցիները վերակառուցեն ու վերադարձնեն:

 

-Իսկ հին եկեղեցիները վերականգնողներին երանի չէ՞ , և հետո դուք եկեղեցի կառուցե՞լ եք:

 

-Ես արդեն երկու եկեղեցի կառուցել եմ, մեկը քաղաքապետ եղած ժամանակ, մեկն էլ հիմա վերջացնում եմ: Հայաստանի Հանրապետության ամենամեծ եկեղեցին ես վերակառուցում եմ, որը երկրաշարժից հետո փլվել էր՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը Անիի մայր տաճարի կրկնօրինակն է, և հիմա ներսի աշխատանքներն են տարվում: Իմ կարծիքն է, որ հինը կառուցելն էլ կառուցել է:

 


-Պարո՛ն Ղուկասյան, իսկ այսօր Հայաստանը եկեղեցիների կարիք ո՞ւնի, պակասը կա՞:

 

- Գիտե՞ք ինչ, երբ որ քաղաքի մեջ անհրաժեշտությունը զգացվում է, որ պետք է անպայման եկեղեցի լինի, ուրեմն պետք է: Օրինակ մեր Աստվածածնի եկեղեցին, երբ որ միջոցառումներ էր լինում, եկեղեցական տոներ, տեղ ու դադար չի լինում, և այդտեղ իրոք Ամենափրկիչ եկեղեցու անհրաժեշտությունը զգացվում է: Հիմա եկեղեցին պետք է ասի, Վեհափառ Հայրապե՞տն ասի, որ անհրաժեշտություն կա այդ հատվածում եկեղեցի կառուցել, թե ոչ: Քաղաք կա, որ եկեղեցի ընդհանրապես չունի, դա աբսուրդ է, պետք է անպայման ունենա, գյուղ կա, որ չունի, ես կողմնակից եմ, որ ունենա: Մենք, հայ ժողովուրդը, երբ որ մի տեղ բնակություն է հաստատել, առաջինը կառուցել է իր հոգևոր տունը, երկրորդը՝ իր դպրոցը: Մեր պապերից եկած, մինչև այսօր այդ ավանդույթը պահում ու պահպանում ենք: Ավելի լավ չի՞, որ եկեղեցի կառուցեն: Ուրիշները հասարակաց տներ են կառուցում, եսիմ ինչեր են կառուցում, լավ չի՞, որ եկեղեցի կառուցեն, փառք Տիրոջը:

 

-Իսկ համամի՞տ եք այն տեսակետի հետ, որ եկեղեցի են կառուցում, որպեսզի մեղքերը քավեն:

 

-Այո, և՛ մեղքերը քավելու միջոց է, և՛ ապաշխարելու միջոց է, և՛ վերին Երուսաղեմում տուն ունենալու միջոց է: Հիմա ես օրինակ, երբ Ամենասուրբ Նշանը վերակառուցեցի և Ամենափրկիչը, ես մտածում էի, որ Աստված պետք է ինձանից պահանջի, որ քո տները կառուցեցիր, բա հավիտենական տանդ մասին մտածո՞ւմ ես: Հետո եկեղեցին, դա բոլորի համար է, չէր որ եկեղեցում երբ որ աղոթք են անում, ասում են՝ «Հայր մեր», այսինքն՝ բոլորի տեղն են աղոթում, ոչ թե միայն իր համար կամ որևիցե այլ մեկի համար: Ինչքան շատ խաչ լինի մեր Հայոց երկրում, ինչքան աղոթք բարձրանա առ Աստված, ինչքան շատ ժամերգություն ու պատարագներ լինեն, Աստված կողորմյա ազգիս հայոց:

 

-Բայց պարո՛ն Ղուկասյան, սոցիալապես անապահով երկրում, ունենալ միջոցներ և աշխատատեղ ստեղծելու փոխարեն եկեղեցի կառուցել՝ դա ճի՞շտ եք համարում։ Հատկապես, երբ երկրում արտագաղթ է, ո՞վ է գնալու այդ եկեղեցիներում պատարագի մասնակցի:

 

-Ես չեմ ուզում սոցիալական վիճակը կապել եկեղեցու հետ, ես ընդհանրապես զգում եմ, որ շատ վատ վիճակի մեջ է գտնվում այս պահին մեր երկիրը, նամանավանդ Գյումրին և Շիրակի դաշտավայրը, որը երկրաշարժից հետո մշտապես հաշվետվություններում ամենաաղքատ ու անապահով մարզն է: Միշտ բոլորը լսում են, երբ երկու, երեք հոգի ելույթ են ունենում, դրանից հետո նորից նույնը կրկնում են: Պետք է մտածվի արտագաղթի, աշխատատեղերի մասին, վճարողունակությունը բարձրացնել: Պետք է մտածել բանկային համակարգի վերանայման ուղղությամբ, 14 տոկոսով վարկեր են տալիս, ամբողջ երկիրն ու ժողովուրդը վարկերի տակ է, իսկ դա սարսափելի է: 

 

-Երբ որ ասում են, որ ժամանակ կգա՝ ոգու սով կլինի, կարծո՞ւմ եք, որ այդ ժամանակը եկել է և նաև նոր եկեղեցիներո՞վ են փորձում պայքարել ոգու սովի դեմ:

 

-Ես քեզ խորհուրդ կտայի, մի խորացի դրա մեջ, Աստված քեզ կպատժի, ջահել աղջիկ ես: Խելոք մնա, դրա համար չարժի քաղաքական դիվիդենտներ շահել: Գիտեք, ընդհանրապես եթե եկեղեցի ես կառուցում, որ քաղաքական դիվիդենտներ շահես, քաղաքական իմիջ ձեռք բերս, ես դա սխալ եմ համարում: Եթե դա քո հոգով ես անում, քո հոգու փրկության մասին ես մտածում, քո ննջեցյալների, քո ազգի, դա այլ բան է, իսկ եկեղեցին քաղաքականության մեջ մտցնելը, այլ բան է: Ովքեր քաղաքականությամբ են դա անում, Աստված ըստ արժանվույն իրեն տալիս է, իսկ ովքեր հոգևոր են անում, էլի Աստված արժանվույն տալիս է: Օրինակ՝ կհիշեք, կուսակցություն կար, որ մասսայական մկրտություն էր անում, և թեկուզ մեր ներկայիս քաղաքապետը, որ մկրտություն էր անում, երեխաներին էլ խաչեր էին տալիս, ցավոք սրտի վերջում էլ պարզվեց, որ այդ խաչը ոսկի չէր, երկաթ դուրս եկավ, ա՛յ նմանատիպ բաներին Աստված կպատժի և ես դեմ եմ մկրտությունը դարձնել քաղաքականություն, հոգևորը, դա աբսուրդ է:

 

-Պարո՛ն Ղուկասյան, դուք հավատո՞ւմ եք, որ կարող են երկրի վրա մեղքեր գործել, օրինակ՝ գողանալ, աչքի չընկնել սրբակենցաղությամբ, ու այդ գողացած փողերով եկեղեցի կառուցել ու փրկվել: Ի՞նչ է Աստված չի տեսնո՞ւմ, թե դա է ճանապարհը մեղքերի թողության:

 

-Մի բան ասեմ, որ Աստված նախ գիտի, թե ով է փրկվելու և ով չի փրկվելու: Լսեք, մի եպիսկոպոս եկեղեցի է կառուցում, պատարագամատույցն է լինում և մի օր տեսնում է, որ երկնքից մի լույս իջավ ու այդ լույսը գնաց եկեղեցու վերջում կանգնած մի ծերունու վրա՝ ցնցոտներով ու խեղճ վիճակում, նրա վրա իջավ: Եպիսկոպոսն ասաց «Աստված, դատաստանդ ճի՞շտ էր, ես կառուցեցի, ես եպիսկոպոս եմ, պատարագամատույց եմ, որքանո՞վ է ճիշտ: Աստված ասաց, որ դու կառուցեցիր այս ծերունու աղոթքներով: Հիմա հեչ մարդ չգիտի, թե ով կփրկվի, ով չի փրկվի, շատ բարդ է, խորհուրդ խորին է հավատքը… Եկեղեցին, երբ որ պատարագ է մատուցում , սկսվում է խորհուրդ խորին, անհաս, անսկիզբ։ Այնպես որ, այստեղ շատ խորանալ պետք չի, Ձեզ խորհուրդ կտամ: