Հիդրոկայանները ո՛չ իրենց արտադրանքի ավելացման հայտ են ներկայացրել, ո՛չ էլ նվազեցնելու տեղ ունեն.Ն. Նահապետյան

14:04 • 05.06.15

Բացառված է, որ  փոքր հիդրոկայանները  իրենց արտադրած էլեկտրաէներգիան «Հայաստանի էլեկտրական ցանցերին» տրամադրեն ավել ցածր գնով: Tert.am-ի հետ զրույցում ասաց  «Փոքր ՀԷԿ-երի» միության նախագահ, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ և  ֆինանսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, ով պարբերաբար մասնակցում է փոքր  ՀԷԿ-երի  և ՀէՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբին հանդիպումներին:


«Մենք սակագնի  բարձրացման  հայտ չենք ներկայացրել, բայց գործող սակագինն  իջեցնելն անհնար է, քանի որ այն հաշվարկված է սահմանված մեթոդիկայով և հաստատված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Փոքր ՀԷԿ-երը որևէ տեսակի հայտ չեն ներկայացրել հանձնաժողովին»,- ասաց Նաիրա Նահապետյանը:


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագնի խնդրի լուծման երկու տարբերակ են քննարկում և դրանցից մեկը էլէներգիայի գործող սակագինը նույնը թողնելն է, սակայն ցանցերի համար  լրացուցիչ եկամուտներ ապահովելով, ինչի  համար որոշել են զսպել էլէներգիա արտադրող խոշոր ընկերությունների սակագների բարձրացումը: «Հայկական ատոմային էլեկտրակայանը», «Հրազդան ՋԷԿ»-ը, «Հրազդանի 5-րդ էներգաբլոկը», «Երևան ՋԷԿ»-ը և Սևան-Հրազդան կասկադը դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ իրենց կողմից արտադրվող էլէներգիայի սակագները բարձրացնելու համար:

Նաիրա Նահապետյանը նշելով ՀԷՑ տնօրենի հետ իրենց հանդիպումների մասին` ներկայացրեց. «Ասեմ խնդիրն ինչ է, իրենք ունեն հարցի  լուծման 3-4 տարբերակ, որ ներկայացրել են: Մասնագիտական քննարկում է դա, այսինքն` լարման հետ կապված, ցերեկային լույսի սակագնի… կարելի է այս ամենը վերանայել, որ հնարավոր լինի  սակագինը թողնել նույնը: Իմ մոտեցումը սա է`  կարծում եմ, ինչ-որ ձևով  սակագինը կփոխվի, սակայն  երբ  կարգավորվեն ՀԷՑ-ում առաջացած  ֆինանսական  խնդիրները, դրանից հետո սակագինը նորից պետք է վերանայվի»:


ՀՀ փոքր  ՀԷԿ-երի միության  նախագահը  հստակեցրեց, որ այսինքն`Հայաստանը պետք է կարողանա ցանցերին այդ վիճակից հանելու հնարավորություն տալ` վթարներ ու այլ խնդիրներ չհարուցելու համար, սակայն հետագայում ՀԷՑ-երն էլ պետք է վերանայեն սակագինը` ներկայացնելով իջեցման  հայտ: