Մարտունու գետում հիմա նույնիսկ գորտ չկա. բնակիչը պնդում է, որ ՀԷԿ-երի պատճառով վերանում է կենդանական աշխարհը

14:17 • 05.06.15

Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրվա առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսին  Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը հայտարարեց, որ Սևանը սնուցող գետերի վրա կառուցված ՀԷԿ-երի պատճառով վերանում է կենդանական աշխարհը:


«Մարտունու գետում հիմա նույնիսկ գորտ չկա, մենք նույնիսկ նկարել ենք ջրի տակ հավաքված գորտերի ոսկորներն ու ձկան փշերերը, ինչը ապացուցում է, որ կենդանական աշխարհը մեռած է»,- ասաց նա:


Նա նշեց, որ Արգիճի վրա գործող ՀԷԿ-ը երկու տարվա մեջ 5 անգամ վթարվել են և հեղեղել ցանքատարածությունները:


«Բերել էին իբրև նոր խողովակներ տեղադրել, հետո պարզվեց, որ հին են: Հետո երբ պայթեցին խողովակները, դեռ ոչինչ, որ ցանքատարածությունները ջրով ողողվեցին, բայց այդ ջրի մեջ լիքը սատկած ձկներ կային, որոնք ևս հայտնվեցին ցանքատարածությունների մեջ»,- ասաց նա:


Անահիտ Գևորգյանը նաև նշեց, որ Սևանա ջրում ձկան հորմոնային կեր են լցնում ու արդյունքում այսօր շուկայում մեծ չափի սիգա տեսակի ձկներ են վաճառվում: