Մեդիա փորձագետը անհանգիստ է համացանցը խմբագրելու միտումներից, բայց հուսով է, որ ՀՀ-ին դա չի սպառնում

19:12 • 05.06.15

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրոպան` ԵՄ-ն համացանցում որոշ «խմբագրումներ» անելու միտումներ են դրսևորում, սակայն հույս ունի, որ ինտերնետի կառավարման  հարցում անկախություն դրսևորող Հայաստանին դա չի սպառնում:

 

«Վերջերս՝ մոտ 1 տարի առաջ, Եվրամիության տարածքում մտցվեց այսպես կոչված` մոռացվելու իրավունքի մասին օրենքը, որը մարդկանց հնարԱվորություն է տալիս մարդկանց փնտրող համակարգերին պարտավորեցնել` արգելափակել ինչ-որ նյութեր, որոնք նրանց անձնական կյանքի հետ կապ ունեն: Այս փորձն էլ հիմա Ռուսաստանում փորձում են կիրառել»,- Tert.am-ին  ասաց Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ սա իրականում բավականին ոչ միանշանակ բան է, քանի որ թույլ է տալիս անհատներին, փաստացի, «խմբագրել» համացանցը:

 

Հիշեցնենք, որ ըստ «Ազատության»` Ռուսաստանի օրենսդիրները նախատեսում են սահմանափակել ինտերնետի ազատությունը երկրում՝ ընդունելով օրենքներ, որոնք որոնման համակարգերին պատասխանատու կդարձնեն որոնման արդյունքներում ներկայացված էջերի բովանդակության համար: Այսպես, եթե Google-ը կամ ռուսական Yandex-ը որոնման արդյունքում Ռուսաստանի տարածքում արգելված էջ պարունակեն, այդ համակարգերը կարող են դրա համար պատասխանատվություն կրել:

 

Ըստ Սամվել Մարտիրոսյանի, Ռուսաստանի պարագայում, սա ավելի մտահոգող է, քանի որ մեզ վրա կարող է ազդեցություն ունենալ ԵՏՄ-ին անդամակցության շրջանակներում:

 

«Բայց հուսամ, որ գործը դրան չի հասնի, որովհետև, նախ՝ մեզ մոտ, մեր պետական այրերի մակարդակով նման հայտարարություններ չեն հնչեցվում և հետո մեզ մոտ, ըստ իս, ոչ մի բան դեռ չի փոխվել ու սպասվում, և մեր երկիրը ինտերնետի կառավարման հարցում մինչ այս անկախություն է ցուցաբերում»,- ավելացրեց փորձագետը:

 

Ինչ վերաբերում է արգելված բովանդակության նյութերին, նրա խոսքով՝ այստեղ նույնպես Ռուսաստանն առաջինը չէ: «Օրինակ` Գերմանիայում  Google-ը բավականին տարբերվող բովանդակություն է տրամադրում, քան ողջ աշխարհում` օրինակ` ֆաշիստական բովանդակության նյութերը արգելափակելով: Սրանք, նորից եմ կրկնում, վիճելի հարցեր են, քանի որ մի կողմից հասկանալի է, որ խոսքը ինչ-որ բովանդակության մասն է, որը կարող է խախտել օրենսդրությունը, բայց մյուս կողմից սա խախտում է նաև ուսումնասիրելու, հետազոտություններ կատարելու հնարավորությունները»,- ասաց նա։

 

Ըստ փորձագետի` սա մոտավորապես նույն ֆիլտրացիան է, որը գոյություն ուներ ԽՍՀՄ-ում, երբ ինչ-որ գրականություն  արգելված էր և ինչ-որ մարդկանց գրադարաններում նման հատուկ թույլտվություն էր տրվում: