Պետք է հասնենք նրան, որ հոսանքի թանկացման հարցով քրգործ հարուցվի, այլապես այս թալանը շարունակվելու է. Ս. Սաֆարյան

12:04 • 05.06.15

էլեկտրաէներգիայի թանկացման բանաձևը մեկն է՝ կամ հայ հասարակությունը պետք է վճարի ՀԷՑ-ի շռայլությունների ու փնթի աշխատանքի համար՝ հերթական անգամ ասելով, որ այո համաձայն ենք, մեր գլխին նստեք, ինչ ուզում եք արեք, կամ բոլորով ոչ ասենք.  հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:


«Բոլորիս խնդիրը մեկը պետք է լինի՝ հասել նրան, որ այս իրավիճակի հետ կապված քրեական գործ հարուցվի, այլապես այս թալանը շարունակվելու է»,- ասաց նա:


Վերլուծաբանը նկատեց, որ օրինաչափության է վերածվել նման գործելաոճը:  «Եթե մինչև հիմա ՀՀ իրավապահ մարմինները որևէ  կերպ չեն արձագանքել վատնումներին որտեղ ակնհայտ թալանի մասին տեղեկատվություն կա, ապա սա նշանակում է, որ սրանով ամեն ինչ չի ավարտվելու, և այդ կազմակերպությունը շարունակելու է նույն ոճը»,- ասաց նա:


Սաֆարյանը վստահ է, որ իշխանությունները թանկացման որոշում ունեն. «Իհարկե, չի լինի 17 դրամ, բայց ինչ-որ չափով կլինի: Թեև հայտարարվել է, որ ՀԷՑ-ի  շռայլությունները  հաշվի չեն առնվի, բայց դա չի նշանակում, որ թանկացում չի լինի, գոնե գնաճի և փոխարժեքի տատանումները հաշվի կառնվեն, ինչպես ասաց ՀԾԿՀ նախագահը»:


Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ քաղաքացիական շարժման գործունեությունը նսեմացնել չի կարելի և այդ շարժումից է կախված, թե ինչպիսին կլինի ճակատագիրը:


Ըստ նրա հայտարարության՝ հունիսի 9-ին կամ 10-ին քննարկում է տեղի ունենալու ՀԾԿՀ-ում, որի ժամանակ հավանաբար որոշումը կկայացվի: «Պետք է դադարել պարզապես խոսելուց, ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել»,- ասաց նա:


Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ իրենց կենտրոնում էլ կկազմակերպվեն քննարկումներ, կլինեն զեկույցներ՝ ընդհանուր էներգետիկ վիճակի մասին, մասնավորապես՝ էլցանցերում առկա վիճակի մասին:


«Անդրադառնալու ենք  այդ ցանցերի ոչ թափանցիկ մասնավորեցման գործընթացին»,- ասաց նա և հավելեց, որ, վաղ թե ուշ, ՀԷՑ-ի հետ կատարվելու էր այն, ինչ մենք տեսնում ենք, իսկ  դրա պատճառն  այն է, որ ոչ թափանցիկ ձևով է սեփականաշնորհվել ռուսական ընկերության կողմից:


«Եվ հիմա էլ պարզվում է, որ ՀԷՑ-ի տնօրեն Բիբինի կազմակերպությունը չնայած ներդրումներին՝ վնասով է աշխատում, կորուստները մեծացել են: Հստակ է, որ ոչ էլ նվազեցրել է կորուստների թիվը, ասում ենք կորուստ, իրականում դա թալան է»,- եզրափակեց նա: