Վերահսկիչ պալատն առավել ռիսկային ոլորտներում ստուգումներ կսկսի

17:45 • 05.06.15

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են ՎՊ երրորդ վարչության պետ Գեղամ Հովեյանը և վարչության աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամ Սոնա Ղարիբյանը:

 

Այս մասին հայտնում են ՎՊ մամուլի ծառայությունից։

 

Հանդիպման ընթացքում ՎՊ նախագահին են ներկայացվել երրորդ վարչության կատարած վերահսկողության նախնական արդյունքները` կապված ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի` 2015թ. ապրիլի 3-ի որոշմամբ հաստատված «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող միջոցների կառավարման օրինականության նկատմամբ ստուգում իրականացնելու մասին» թեմայի հետ:


Քննարկվել են հետևյալ հարցերը`


• Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում,
• Գյուղական խորհրդատվական ծառայություններ,
• Անտառապահպանական ծառայություններ,
• ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցներով գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացում,
• «Լիցենզավորման կենտրոն» գործակալություն,
• Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն:

 

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այս անգամ ևս շեշտել է օպերատիվ վերահսկողության ռեժիմով աշխատելու կարևորությունը:

 

Խորհրդակցության ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ դիտարկման արդյունքներով առավել ռիսկային ոլորտներում ստուգումներ սկսելու վերաբերյալ: