«Ռոսատոմ»-ը պատրաստ է Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցել. Նիկոլայ Դրոզդով

13:46 • 06.06.15

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Նիկոլայ Դրոզդովը Tert.am-ի հետ զրույցում խոսելով Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումից, ասաց, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել նոր էներգաբլոկի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ համատեղ աշխատանքը։ Իսկ անդրադառնալով Հայաստանում ուրանի որոնման աշխատանքներին, ասաց, որ դրա համար «Ռոսատոմ»-ը և ՀՀ բնապահպանության նախարարությունը 2008-ին ստեղծել են «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» համատեղ ձեռնարկությունը:
 

-Ինչո՞ւ Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման գործընթացը տեղից չի շարժվում։ Արդյո՞ք «Ռոսատոմ» պետական կորպորացիան դեռ հետաքրքրված է նոր էներգաբլոկի կառուցման գործում մասնակցությամբ։
 

- Մենք պատրաստ ենք շարունակել նոր էներգաբլոկի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ համատեղ աշխատանքը։ Ինչպես դուք գիտեք՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև 2010թ. օգոստոսի 20-ին կնքվել է միջկառավարական համաձայնագիր, որը որոշում է մեր երկրների համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների շինարարության գործում։
 

Թեև այժմ կայանի շինարարության վերաբերյալ գոյություն ունեն տարբեր մոտեցումներ, որոնք, առաջին հերթին, կախված են երկրում էներգիայի սպառման մակարդակից, «Ռոսատոմ»-ը միշտ պատրաստ է կառուցել պատվիրատուների համար անվտանգ, ժամանակակից, ռեֆերենտ էներգաբլոկ այնպիսի ժամանակավոր հորիզոններում, որոնք անհրաժեշտ են պատվիրատուին և ապահովում են նախագծի տնտեսական արդյունավետությունը։
 

-Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը «Ռոսատոմ»-ի դուստր կազմակերպությունն է իրականացնելու։ Հայկական կողմը պլանավորում է նորոգման նպատակով 6 ամսով կանգնեցնել ատոմակայանի աշխատանքը, արդյո՞ք այդ ժամանակը բավարար է նորոգման համար։
 

-Այստեղ կցանկանայի մի փոքր պարզաբանում մտցնել։ Մեծամորի ատոմակայանի վերանորոգումն իրականացվում է ատոմակայանի սեփական ուժերով, հետևաբար՝ ժամկետներն իրենք ինքնուրույն են որոշում։
 

«Ռոսատոմ»-ի դուստր ընկերությունը՝ «Ռոսատոմ Սերվիս»-ը, իրականացնում է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետների երկարաձգման նախագիծը։ Բացատրեմ դա ինչ է. ատոմակայանի շահագործման հաշվարկային ժամկետը նախագծման պահին կազմում էր 30 տարի։ Սակայն ատոմակայանի շահագործման արդյունքում ձեռք բերված փորձը հնարավորություն է տալիս վերանայել բլոկների ծառայության համար նախկինում որոշված ժամկետները՝ հաշվի առնելով անվտանգության բոլոր ժամանակակից նորմերը։
 

Դրա համար «Ռոսատոմ»-ը մշակել է անհրաժեշտ միջոցառումների երթուղային քարտեզ, որը ներառում է 2 փուլ։
 

Առաջին փուլը ներառում է էներգաբլոկի համալիր ուսումնասիրություն, խողովակատարային ռեակտորի տեղադրման և էներգաբլոկի հիմնական սարքավորման հնարավորություն, ինչպես նաև շինությունների և կառույցների նախնական գնահատում, համալիր և գործիքային հետազոտություն, Հայկական ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկի նախապատրաստության ծրագրի մշակում՝ շահագործման լրացուցիչ ժամկետի համար։
 

Ռուսական կողմն արդեն սկսել է այդ աշխատանքները, ընդգրկվել է 15 կազմակերպություն, հավաքվել է թիվ 2 էներգաբլոկի վիճակի մասին նախնական տվյալների բավականին մեծ ծավալ։
 

-Նորոգումից հետո Մեծամորի ատոմակայանի կառավարումը տրվելու է «Ռոսատոմ»-ին։ Ինչո՞ւ եք նորից ստանձնում կառավարումը, եթե արդեն մեկ անգամ այն վաղաժամ դադարեցվել է։

 

- «Ռոսատոմ»-ը չի պատրաստվում ստանձնել կայանի ղեկավարումը։ Կայանի ծառայության ժամկետի երկարաձգումից հետո այն կշարունակի մնալ Հայաստանի կառավարման ներքո։
 

-«Ռոսատոմ»-ի դուստր կազմակերպությունները նաև մասնակցում են Հայաստանում ուրանի որոնման աշխատանքներին։ Ի վերջո, ի՞նչ պարզվեց՝ ունե՞նք ուրան, թե՞ ոչ․ ԽՍՀՄ հետազոտությունների համաձայն՝ ունեինք։
 

- 2008-ին «Ռոսատոմ» ընկերությունը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը ստեղծել են «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» համատեղ ձեռնարկությունը՝ Հայաստանի տարածքում ուրանի որոնման վերաբերյալ երկրաբանական-հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով։
 

Երկրաբանական-հետախուզական և որոնողագնահատման աշխատանքների արդյունքների հիման վրա, որոնք անցկացրել է ձեռնարկությունը 2009-2012թթ. Սյունիքի մարզում, որոշվել են պաշարներն առավել հեռանկարային (Փխրութի) հատվածում։
 

Հաշվի առնելով միջուկային վառելիքի ներքին պահանջարկը՝ տվյալ պաշարները կարող են ռազմավարական ռեզերվ դառնալ Հայաստանի Հանրապետության համար՝ ազգային ատոմային էներգիայի զարգացման կարիքների համար։
 

-Եթե չեմ սխալվում՝ «Ռոսատոմ»-ը Թուրքիայում էլ է ատոմակայան կառուցում, այնտե՞ղ ինչպես են գործերը։
 

- Այսօրվա դրությամբ «Աքքույու» ատոմակայանի շինարարության նախագիծը գտնվում է նախապատրաստական փուլում։ 2014թ. դեկտեմբերին Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը համաձայնեցրել է առաջին թուրքական ատոմակայանի նախագծի շինարարության՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի վերաբերյալ զեկույցը։
 

Ընթացիկ տարվա ապրիլին կայացել է «Աքքույու» ատոմակայանի ծովային հիդրոտեխնիկական շինությունների կառուցման վայրի հիմնարկեքը։ Նախագծումը կսկսվի ամենամոտ ժամանակում, իսկ կառուցումը՝ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո։

 

Ավարտվել են «Աքքույու» ատոմակայանի շինարարական հարթակի գոտիավորման պլանի մշակման աշխատանքները։ Այս պահի դրությամբ մնում է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կողմից վերջնական համաձայնեցման և գոտիավորման պլանի հաստատման հարցը։ Փաստաթղթերի հաստատումը հնարավոր կլինի միայն Թուրքիայի մի քանի օրենքների փոփոխությունից հետո։ Թուրքական օրենքների փոփոխության վերաբերյալ փաստաթղթերը գտնվում են խորհրդարանում։
 

Ավարտվել են ափային գոտու գոտիավորման պլանի մշակման աշխատանքները։ Մերսին նահանգում «Աքքույու» ատոմակայանի շինարարության նախագիծն ընթանում է համաձայն նախատեսված գրաֆիկի։