Իրանը Ռուսաստանի հետ բարտերային գործարքի շուտափույթ իրականացման հույս ունի
Իրանը հուսով է, որ Ռուսաստանի հետ «Նավթ` ապրանքի դիմաց» բարտերային գործարքը կիրականացվի գալիք շաբաթ՝ հունիսի 7-ից հետո, հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն, գրում է ria.ru-ն։
Իրանի իսլամական խորհրդի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդին Բորուջերդին ապրիլի սկզբին հայտարարել էր, որ Իրանը ՌԴ-ի հետ գործարքի վաղաժամկետ իրականացման վերաբերյալ որոշման կայացման հույս ունի։
Ավել վաղ գործարքի շուրջ աշխատանքների մասին տեղեկությունները հաստատել էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Րյաբկովը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա սկզբին Իրանը հերքել է, թե բարտերային գործարք կկնքի Ռուսաստանի հետ, իսկ ԱՄՆ-ն անհանգստություն էր հայտնել Իրանի ու Ռուսաստանի միջև հնարավոր գործարքի մասին լուրերի առնչությամբ։










