Մաշկը խնամքի կարիք ունի ամեն օր և հատկապես՝ ամռանը. մասնագետ
Ամռան գալուն զուգընթաց մարդիկ պետք է մտածեն արևի ուղիղ ճառագայթներից մաշկը պաշտպանելու մասին։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մաշկաբան, վեներոլոգ Հովհաննես Հովհանիսյանը։ Նա նշեց, որ հանգստի մեկնելուց առաջ պետք է իմանալ, թե տվյալ ժամանակահատվածում ուլտրամանուշակագույն ճառագայթների ճառագայթման չափը որքան է։
«Մեր բնակչության մեծ մասը ներկայումս մեկնում է Վրաստանի ծովափնյա քաղաքներ հանգստանալու և հիմնականում հուլիս-օգոստոսին, հետևաբար կարող եմ խորհուրդ տալ, որ օգտագործեն SPF 35 և բարձր քսուքներ, որը ամբողջովին կպաշտպանի արևից, բայց եթե ամեն դեպքում ուզում եք արևայրուք ընդունել, կարող եք վերցնել 25-ից մի քիչ բարձր տեսակը»,- ասաց նա։
Բժիշկը խորհուրդ տվեց խորհրդակցել բժիշկի հետ քսուկների հարցում այն մարդկանց պարագայում, ովքեր ալերգիկ են։
Tert.am-ի հարցին, թե ինչ կարծիք ունի արևայրուքին նպաստող քսուկների մասին, մասնագետը պատասխանեց, որ եթե օգտագործում է մաշկային խնդիր չունեցող մարդը, ապա չափավոր կարելի է։
«Արևայրուքը բազմաթիվ դրական ազդեցություններ ունի մաշկի ու օրգանիզմի վրա, բայց եթե այն ճիշտ է արվում և ճիշտ ժամերի։ Արևայրուք պետք է ընդունել առավոտյան մինչև ժամը 12-ը և երեկոյան՝ 5-ից հետո։ Այս ժամերին հաճախ նաև քսուքներից օգտվելու խնդիր չի լինում»,- ասաց նա։
Բժիշկ Հովհաննիսյանը նշեց, որ մաշկը պետք է խնամել ամեն օր, հատկապես՝ Հայաստանում, որտեղ կլիմայական պայմանները կտրուկ են տատանվում, արևի ճառագայթները ուժեղ, ջուրը քաղցրահամ։
«Այս ամենը նպաստում է, որ մենք ժառանգականորեն ունենանք ճարպագեղձերի աշխատանքի գերակտիվություն, ինչը մաշկային խնդիրների է հանգեցնում։ Երևանյան արևը ուժեղ է ու օդն էլ՝ աղտոտված, հետևաբար ճիշտ կլինի օգտագործել արևապաշտպանիչ քսուքներ՝ առնվազն 30 SPF պարունակող»,- ասաց նա:










