Նախագահը Կաննում մասնակցել է «Միդեմ-2015» միջազգային երաժշտական փառատոնի միջոցառումներին (լուսանկարներ)

23:16 • 06.06.15

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կաննի փառատոնների պալատում մասնակցել է «Միդեմ-2015» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի բացման արարողությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 

Հանրապետության Նախագահը շրջել է փառատոնի տաղավարներով, այցելել պատվավոր հյուրի կարգավիճակով այս տարի փառատոնին մասնակցող Հայաստանի տաղավար, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի տաղավարներ:

Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է «Հայաստանի պուրակ»:

Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնառի, արարողությանը հրավիրված պաշտոնատար այլ անձանց և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և հանուն Ֆրանսիայի զոհված հայորդիների հիշատակին` ՀՀ Նախագահը և Կաննի քաղաքապետը ծաղկեպսակներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: