ՀՀ Նախագահը Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր
Նախագահ Սերժ Սարգսյանը Կաննում հունիսի 6-ին ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլյոր Պերրելինինին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Քննարկվել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր։
Նախագահ Սերժ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ապրիլին Փարիզի Շատլե թատրոնում տեղի ունեցած «Համաշխարհային հայկական նվագախմբի» համերգի առթիվ։
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու և հարգանքի տուրք մատուցելու նպատակով համաշխարհային լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ երաժիշտների կազմած ժամանակավոր նվագախմբի համերգները շարունակական կդառնան։
Հայկական կողմն առաջարկել է Ֆրանսիայում բացել սյուռեալիստական դպրոցի հայ ներկայացուցիչների ցուցահանդես։ Ինչպես նաև Ֆրանսիայի նախարարին առաջարկվել է շարունակել հայ-ֆրանսիական համատեղ կինոարտադրությունը, և որպես դրա լավագույն օրինակ նշվել են Ռոբեր Գեդիկյանի ֆիլմերը։
Երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպել կինոփառատոն, որի ընթացքում կներկայացվեն համատեղ նկարահանված ֆիլմերը։ Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարները ՀՀ Նախագահին զեկուցել են վերոնշյալ հարցերի շուրջ փոխգործակցություն ծավալելու նպատակադրվածության մասին:











