ՀՀ 32 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

09:30 • 07.06.15

Հայաստանի հինգ մարզերի (Արագածոտն, Կոտայք, Շիրակ, Արմավիր , Տավուշ)  32 համայնքներում  այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում:
 

Հունիսի 7-ին 32 համայնքներից 20-ում ընտրվելու են համայնքի ղեկավարներ, 12-ում՝ ավագանու անդամներ, իսկ երկուսում կլինեն և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամի ընտրություններ:


Թեկնածուների գերակշիռ մասը կա՛մ հանրապետականներն են, կա՛մ վայելում են նրանց աջակցությունը: Միակ բացառությունը «Բարգավաճ Հայաստան»-ի երկու անդամներն են և մեկ դաշնակցականը:


Ամենաթեժ պայքարը սպասվում է Աբովյանում անցկացվող քաղաքապետի արտահերթ ընտրություններին, որտեղ օրինակ` «Երկրապահ կամավորականների միությունը» առաջադրված  5 թեկնածուներից  երկուսին էլ սատարում է.  ԵԿՄ  մարզային կառույցը սատարում է ՀՀԿ–ի և «Բարգավաճ Հայաստան»-ի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանին, Աբովյանի կառույցը՝ ՀՀԿ-ի շարքերից հեռացված Արթուր Հարությունյանին:


Քաղաքապետ կընտրեն նաև Արտաշատում, որտեղ գրանցված միակ թեկնածուն վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է՝ Արգամ Աբրահամյանը:

 
Ալավերդիում առաջադրված թեկնածուները երկուսն են՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ Կարեն Փարեմուզյանը, ում առաջադրել է Հանրապետական կուսակցությունը և Արթուր Աբգարյանը, ով «Սթրոնգ սթոուն գրուպ» ընկերության տնօրենն է: