Իսլամը վիրավորելու համար Սաուդյան Արաբիայում բլոգերին դատապարտել են մտրակի 1000 հարվածի

10:19 • 08.06.15

Սաուդյան Արաբիայի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել բլոգեր Ռաիֆ Բադավիի դատավճիռը։ Նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման և մտրակի 1000 հարվածի՝ իսլամը վիրավորելու համար, գրում է segodnya.ua-ն։

 

Դատարանի վճռի համաձայն՝ որոշումը վերջնական է և չի կարող բողոքարկվել։
2015թ. մարտին Սաուդյան Արաբիան «զարմանք և հիասթափություն» է հայտնել բլոգերի դատավճռի առնչությամբ միջազգային հանրության քննադատական արձագանքի վերաբերյալ։ Այդ ժամանակ երկրի ԱԳՆ-ն պահանջել էր չխառնվել իր ներքին հարցերին։

 

Բադավին ձերբակալվել է 2012-ին, իսկ նրա ստեղծած Սաուդյան ազատ լիբերալներ ֆորումը փակվել է։ Իր բլոգում Բադավին քննարկել է կրոնի հարցերը, ինչպես նաև քննադատությամբ է հանդես եկել երկրի գերագույն հոգևորականության հանդեպ, իսկ փակված պորտալը կոչ էր անում ազատել քաղբանտարկյալներին։ Այդ գործողությունները որակվել են որպես իսլամի հանդեպ վիրավորանք և սադրիչ նյութերի տարածում։

 

Դատական առաջին նիստի ժամանակ բլոգերին դատապարտել են 7 տարվա ազատազրկման և մտրակի 600 հարվածի։ Մեղադրող կողմը բողոքարկել էր դատավճիռը՝ որպես չափազանց մեղմ, և դատարանը խստացրել էր պատիժը մինչև 10 տարի և  մտրակի 1000 հարվածի։ Բադավին արդեն ստացել է առաջին 50 հարվածները, սակայն պատիժը դադարեցվել է բժիշկների խորհրդով։