Չինացու երիկամից 420 քար են հեռացրել

22:26 • 08.06.15

Տոֆու պանրի սիրահար չինացու  երիկամից 420 քար են հեռացրել: 55-ամյա տղամարդը, ով հայտնի է Հի անունով, ուրբաթ տեղի ունեցած վիրահատությունից հետո պատմել է, որ տոֆու կերել է ամեն օր և շատ քիչ հեղուկ է օգտագործել:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` բժիշկների կարծիքով, հենց այդ սննդակարգն է դարձել երիկամում այդքան շատ  քարերի առաջացման պատճառ:

Չինացին, ով բնակվում է  Չժեցզյան նահանգում, բժշկի այցելել է անցյալ ամիս` սուր ցավ ունենալով փորի շրջանում, և համակարգչային շերտագրությունը ցույց է տվել, որ նրա երիկամը լցված է քարերով:

Բժիշկները հայտնել են, որ նրան պետք է անհապաղ վիրահատել, քանի որ քարերը գրեթե տեղ չէին թողել ջրի անցնելու համար, և ուշացումը կարող էր բերել երիկամի հեռացման: Վիրահատող բժիշկները զարմացած էին քարերի քանակությունից: Վիրահատությունը տևել է մոտ երկու ժամ, որից 45 րոպեն նրանք անցկացրել են միայն քարերը հանելով:

Ինչպես ընդգծել են բժիշկները՝ օգտագործվող  ջրի քիչ քանակությունը հանգեցնում է օրգանիզմի ներսում կալցիումի կարծրացման և քարերի առաջացման: