Թուրքիայում կայացած ընտրությունները նոր հնարավորություններ կստեղծեն ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար. ԵՄ
Եվրամիությունը մեկնաբանել է երեկ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները։
Ինչպես տեղեկացնում է Radikal-ը, Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ առաջիկայում ԵՄ- Թուրքիա հարաբերությունների զարգացման համար նոր հնարավորություններ կբացվեն։
ԵՄ-ն բարձր է գնահատել խորհրդարանական ընտրություններին գրանցված 86 տոկոսանոց մասնակցության ցուցանիշը՝ դա համարելով Թուրքիայի ժողովրդավարացման ուժեղ ցուցիչ, որն առաջիկայում ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ամրապնդման համար նոր հնարավորություններ կարող է ստեղծել։
Համատեղ հայտարարության մեջ կարևորվում է խորհրդարանում հիմնական կուսակցությունների ներկայացվածությունը։
Հիշեցնենք, որ քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունը պատմության մեջ առաջին անգամ կարողացել է շրջանցել 10 տոկոսանոց արգելքն ու հայտնվել խորհրդարանում:
Վերջին 12 տարիներին իշխող ԱԶԿ-ն կստանա խորհրդարանի 550 տեղերից ընդամենը 256-ը: Նախորդ խորհրդարանի համեմատ՝ ԱԶԿ-ն կորցրել է 9 տոկոսը:
Կառավարություն ձևավորելու համար նա ստիպված կլինի կոալիցիա կազմել մեջլիս մտած մյուս 3 քաղաքական ուժերից մեկի հետ:










