Մեր կուսակցությունները հոգնած, բեզարած են, ինչի իրավունքը չունեն. Լարիսա Ալավերդյան
Եթե կա քաղաքական կազմակերպություն, այսինքն՝ կուսակցություն, ապա նա ամենաանելանելի վիճակում էլ պետք է մասնակցի ցանկացած, այդ թվում տեղական ինքնակառավարման ընտրություններին:
Tert.am-ի հետ զրույցում խոսելով ՏԻՄ ընտրություններին ընդդիմության պասիվ պահվածքի մասին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Այն, ինչ հասարակությունը կարող է իրեն թույլ տալ՝ մտածելով, որ գիտենք էլի, թե ընտրությունները ոնց են լինելու, կուսակցությունը դա անելու իրավունք չունի: Կուսակցության գործը հենց այդ ստերեոտիպի դեմ պայքարելն է: Թեկուզև բազմիցս տապալվելով, բայց հենց այդ ակտիվի խնդիրն է գտնել և՛ ձևերը, և՛ միջոցները»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով. «Բայց խնդիրն այն է, որ մեր կուսակցությունները նույնչափ հոգնած, բեզարած են, ինչի իրավունքը կուսակցությունը չունի»:
Նախկին պատգամավորն ասաց, թե բազմիցս է ասել և հիմա էլ որպես ՀԿ ներկայացուցիչ է ասում, որ հասարակական կազմակերպությունները քաղաքական կուսակցություններին օրինակ են ցույց տալիս իրենց ամենօրյա աշխատանքով:
«Իշխանությունը չի փոխվելու, եթե փոխող չունենա, իսկ փոփոխությունն իրապես ծանր աշխատանք է: Դա շարունակական աշխատանք է: Սրանք գավառական ընտրություններ էին, այնինչ քաղաքականությունը պահանջում է մշակույթ»,-նկատեց տիկին Ալավերդյանը:










