Երվանդ Զախարյանը նաիրիտցիներին խոստացել է հուլիսին ամբողջությամբ մարել աշխատավարձերի պարտքը

12:49 • 09.06.15

Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին է մոտեցել ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը և խոսատացել, որ հուլիսին ամբողջությամբ կմարվի գործարանի աշխատակիցների պարտքը: 
 

Քանի որ նաիրիտցիների մի մասը հավատում է նախարարի խոսքերին` մյուս մասը ոչ,  աշատակիցները անորոշության մեջ են և որոշում են իրենց հետագա անելիքը: Ի վերջո, որոշվեց, որ նման երաշխիք գործարանի աշխատակիցներին տա անձամբ վարչապետը և ներկա պահին գործարանի աշխատակիցները սպասում են` իրենց կընդունի՞ Հովիկ Աբրահամյանը, թե ոչ:
 

«Ամեն դեպքում, մենք հինգշաբթի օրը նորից հավաքվելու ենք, քանի որ մենք նաև վերագործարկման խնդիր ենք բարձրացնում»,- Tert.am–ին ասաց գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
 

Հիշեցնենք, որ հաղորդվել էր, որ հաջորդ երեքշաբթի «Նաիրիտ» գործարանի կրճատված և չկրճատված աշխատակիցները կգան կառավարության շենքի դիմաց երեխաներով, թոռներով` կախված կառավարության երկուշաբթի օրվա պահվածքից:


«Երեքշաբթի կհավաքվենք ու ամեն ինչ կերևա, կսկսենք կամ չենք սկսի՝ կառավարության պահվածքից կախված: Ու կգանք երեխաներով, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք երեխաներին այնտեղ կպահենք, բայց որ երեխաները ուտելու կարիք ունեն, հստակ է»,- Tert.am-ին ասել էր  գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
 

Ավելի վաղ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց երկօրյա նստացույց արեցին, ինչից հետո էլ խոստացել էին գալ երեխաներով ու թոռներով: