Սոթքում գայլերը վերջին մի քանի օրերին 60 ոչխար են հոշոտել. Սոթքի գյուղապետ
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում գայլերը վերջին մի քանի օրերին երեք անգամ հարձակվելով գյուղի ոչխարների վրա` մոտ 60 ոչխար են հոշոտել: Tert.am-ին հայտնեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը:
«Երեք տարբեր դեպք է եղել. մի անգամ դաշտում է հարձակվել՝ 2 ոչխար է սատկացրել, մի անգամ արդեն տանը… փարախ են ասում, ամառային ցանկապատ ա, մտել են պարսպի վրայից, վեց հատ սատկացրել, իսկ երեկ գիշեր արդեն` 51 հատ, որից 15-ը արդեն սպանած է եղել, 2-ը չեն գտել` գայլերը տարած են եղել, մնացածն էլ տարբեր կարգի հոշոտված»,- տեղեկացրեց գյուղապետը:
Սոթքի գյուղապետի խոսքով` եթե գյուղացին զբաղվում է անասնապահությամբ, նրան անհրաժեշտ է որսորդական հրացան, ինչը ձեռք բերելը գյուղացու համար խնդիր է. պետք է դիմի ոստիկանություն` թույլտվություն ստանալու, գնի այն իր միջոցներով, ինչի հնարավորությունն էլ շատերը չունեն:
«Ժողովուրդը չի դիմում՝ կամ ֆինանսների հետ է կապված, կամ եսիմ ինչի»,- ասաց Կոլիկ Շահսուվարյանը:










