ԱՄՆ-ի մեղադրանքները՝ ՌԴ-ի միջին ու փոքր հեռահարության հրթիռների առնչությամբ, անհիմն են. Լավրով
Միացյալ Նահանգները մինչ այժմ չի հստակեցրել իր պնդումները, թե Ռուսաստանը խախտում է Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին համաձայնագիրը. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ամերիկացիներին խնդրեցինք կոնկրետ ձևակերպել, թե ինչով է պայմանավորված նրանց անհանգստությունն ու պահանջները ՌԴ-ից: Ցավոք, մենք արդեն բանակցությունների երկու ռաունդ ենք անցկացրել, սակայն դրանց ընթացքում ամերիկացի գործընկերներն իրենց տեսակետները չեն մանրամասնել»,- ասել է Լավրովը:
Նախարարը հավելել է, որ դա լուրջ խոսակցություն չէ: «Մենք պատրաստ ենք քննարկել կոնկրետ վկայությունները, որոնք ամերիկացիներին հիմք են տալիս ենթադրելու, որ մենք ինչ-որ բան ենք խախտել: Մոսկվան Վաշինգտոնին բավական կոնկրետ հարցեր է առաջադրել, քանի որ կարծում է, որ ամերիկյան կողմն է խախտում համաձայնագիրը»,-ասել է Լավրովը:










