Լուկաշենկոն շտապում է. Բելառուսը պատրաստվում է նախատեսվածից 1 ամիս շուտ անցկացնել նախագահական ընտրությունները. Газета
Բելառուսի իշխանությունները պատրաստվում են նախագահական ընտրությունները նշված ժամկետից մեկ ամիս շուտ անցկացնել՝ այս տարվա նոյեմբերի 15-ի փոխարեն հոկտեմբերի 11-ին։
Այս թվացյալ փոքր ժամանակային փոփոխությունը կարող է վկայել երկրի տնտեսությունում առկա լուրջ խնդիրների մասին, կարծում է gazeta.ru-ի փորձագետը: Այնուամենայնիվ, երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի հարցում կասկածներ չկան, նշում է կայքը:
Երեքշաբթի Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան հանդիպել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչից հետո БелТА պետական լրատվական գործակալությանն ասել է, որ Բելառուսում հերթական նախագահական ընտրությունները կարող են անցկացվել 2015 թվականի հոկտեմբերի 11-ին: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 11-ի ամսաթիվն արդարացված է, քանի որ այդ ժամանակ ընտրություններ նշանակելու համար ստիպված չեն լինի խորհրդարանի արտահերթ նիստ գումարել:
Ինչպես նշում է հեղինակը, հատկանշական է, որ ավելի վաղ Լիդիա Երմոշինան ինքն էր պնդում, որ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 15-ին և հրաժարվում էր այլ տարբերակներ քննարկել:
Ինչպես gazeta.ru-ին հայտնել է բելառուս քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան, ժամկետների տեղափոխման առաջին պատճառը կարող է լինել երկրի տնտեսական վիճակը: Լուկաշենկոն գիտակցում է, որ աշնանն աշխատուժի կրճատում է տեղի ունենալու, նա նաև չցանկանալով ռիսկի դիմել՝ ցանկանում է ընտրություններն անցկացնել մինչ ջեռուցման սեզոնը: Բացի այդ՝ Լուկաշենկոն ցանկանում է, որ Արևմուտքը լեգիտիմ ճանաչի ընտրությունները, ինչի համար հարկավոր է, որ նա միջնորդի դեր ստանձնի Ուկրաինայի և երկրի արևելքում ինքնահռչակ հանրապետությունների միջև բանակցություններում:
Լուկաշենկոն նաև կարող է տեղեկություններ ունենալ Կրեմլի մտադրությունների մասին, և ցանկանում է ընտրություններն անցկացնել մինչ Մինսկի բանակցային գործընթացի հետ կապված իրավիճակի փոխվելը:










