Մենք չունենք վերելակներից օգտվելու կուլտուրա. տեխնիկական անվտանգության փորձագետ

13:28 • 10.06.15

Հայերը չունեն վերելակներից օգտվելու կուլտուրա և կարելի է, օրինակ, տեսնել, թե ինչպես փոքր երեխան կարող է խցիկ մտնել միայնակ ու այնտեղ լռվել-մնալ. այս մասին «Վերելակների տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրներն ու առկա օրենսդրական կարգավորումները» թեմայով քննարկմանը հայտարարեց ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղիների և կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:

«Եվ եթե խցիկը կանգ է առնում ինչ-ինչ պատճառներով, կարող են առաջանալ հարցեր, որոնց լուծումները տան ծնողները , ոչ թե փոքր երեխաները։ Կամ հստակ պատկերացում չկա, թե եթե ծնողը երեխայի հետ մուտք է գործում խցիկ, ո՞վ պետք է առաջինը մուտք գործի և դուրս գա, բացեր են, որոնց մասին կուզեի խոսել»,-նշեց Լուսինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին սեփական տանը շահագործվող սեփական վերելակում հնգամյա երեխայի մահվան ողբերգական դեպքից հետո կրկին հնչեղ դարձան վերելակների անվտանգ շահագործման հարցերը:

Ըստ Լուսինե Հովհաննիսյանի` խնդիր է նաև Հայաստանի բազմաբնակարան շենքերի գերակշռող մեծամասնությունում տեղադրված վերելակների պահեստամասերի փոխարինման խնդիրը, քանի որ վերելակաշինական շատ գործարաններն արդեն չեն գործում:

Խնդիր է նաև վերելակների շահագործման էլեկտրամեխանիկների սակավությունը: Միայն Դավիթաշենում շուրջ 370 շենքի վերելակ շահագործում է 4 էլեկտրամեխանիկ:

Անդրադառնալով սեփական տների վերելակներին, բանախոսը նշեց, որ դրանք չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտ և ենթակա չեն ամենամյա տեխնիկական փորձաքննության:

«Սակայն ուզում եմ նշել, որ ՀՀ տարածքում այնքան էլ շատ չեն այն սեփական տները, որտեղ կան վերելակներ»,-ասաց նա:

2013-2014-2015 թթ.՝ 3 տարիների ընթացքում բազմաբնակարան շենքերի վերելակների շահագործման արդյունքում տեղի է ունեցել 3 դժբախտ դեպք. երեքի դեպքում էլ տուժող քաղաքացիները մահացել են։  2-ը տեղի է ունեցել բնակելի շենքերում, մյուսը՝ հանրային նշանակության կառույցում:  

«Իհարկե, դժբախտ դեպքերի պատճառները տարբեր են, պարտադիր չէ, որ վերելակը լինի ոչ սարքին վիճակում, դրա հետևանքով լինի դեպքը։ Օրինակ՝ 2013թ. Վանցյան 61 ա հասցեում «Անուշ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող վերելակը ունեցել է տեխնիկական թերություններ, բայց նաև տուժողը, գտնվելով ոչ սթափ վիճակում, կարողացել է ստանալ մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով մահացել է: Իսրայելյան հասցեում 2013 թ. օգոստոսի 28-ին տեղի ունեցավ մահացու ելքով դժբախտ դեպք , որի պատճառն էր տուժողի ինքնակամ միջամտությունը վերելակը վերանորոգելու հարցում: Եվ բոլորս հիշում ենք այս տարվա մարտին, երբ Բաշինջաղյան շենքերից մեկում խցիկը պոկվեց և ուղևորը մահացավ հենց տեղում»,- ներկայացրեց մասնագետը:

«Մեծ ուշադրություն պետք է դարձնել վերելակների վերանորոգման, տեխնիկան սպասարկման ու խնամքի հարցերին, որը մեզ մոտ բարձիթողի վիճակում է»,-նշեց Լուսինե Հովհաննիսյանը:  

Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ ուշադրություն հրավիրեց նրան, որ վերելակների հիմնորոգմանը քաղաքապետարանիր բյուջեից քիչ գումարներ են ուղղվում: Մասնավորապես, նախորդ տարվա «վերելակների հիմնանորոգում» ծրագրով մայրաքաղաքում փաստացի ծախսը կազմել է 94 միլիոն 5 հազար դրամ` նախատեսված 97 միլիոնի փոխարեն:

Սա, որպես ցուցանիշ, ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից, ինչ արդյունքում 8 վարչական համայնքներում վերանորոգվել է 400-ից ավելի վերելակ, բայց վերահսկողությունն այս դաշտում, ըստ Ս. Սաֆարյանի, տակավին մնում է թույլ: