Guardian-ն Էրդողանից պահանջում է ներողություն խնդրել

13:38 • 10.06.15

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի այսօրվա առաջնորդող հոդվածում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված կոչ է հնչեցվել, գրում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը։

 

Պարբերականն Էրդողանից պահանջում է ներողություն խնդրել հնչեցրած «անհիմն մեղադրանքների» համար։

 

«Թուրքիայի առաջնորդը մամուլի հասցեին տգեղ արտահայտություններ է անում, Guardian-ի մասին ստեր է ասում։ Գուցե դրա համար մեզնից պետք է ներողությո՞ւն խնդրի»,-գրել է պարբերականը՝ հիշեցնելով, որ նախագահ Էրդողանը սիրում է պատժել մամուլին։

 

Guardian-ը հիշեցնում է, որ Էրդողանն անցյալ շաբաթ «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագրին մեղադրել էր լրտեսության համար և սպառնացել, նաև՝ Թուրքիայում պահանջում են լրագրող Մեհմեթ Բարանսուին 52 տարվա ազատազրկման դատապարտել, այդ երկրում կայացած  խորհրդարանական ընտրություններից առաջ մամուլի դեմ ճնշումներ են իրականացվել, և Թուրքիան աշխարհում մամուլի ազատության ինդեքսով 180 երկրների շարքում գրավում է 149-րդ տեղը։

 

«Նախագահ Էրդողանը գերմանական Die Zeit, ամերիկյան New York Times և բրիտանական Times պարբերականներից հետո այժմ էլ Guardian-ի դեմ է հարձակում սկսել»,-գրել է բրիտանական պարբերականը։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում կայացած ընտրություններից առաջ Արդահանում նախընտրական ելույթի ընթացքում Էրդողանը բրիտանական թերթի մասին ասել էր. «Տեսե՛ք, բրիտանական թերթը գիտե՞ք ինչ է ասում։ Ամբողջությամբ չարևմտականացված, աղքատ մուսուլմաններին չեն թողնելու ղեկավարել իրենց երկիրը։ Դու ո՞վ ես։ Ո՞վ ես դու, անամո՛թ, չա՛փդ ճանաչիր»։

 

Guardian-ը գրում է, որ Էրդողանի այս հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, և իրենք նման բան չեն գրել։