ԻՊ-ի գրոհայինները Մոսուլում 90 կգ-ոց հնագույն Ավետարան են այրել

12:45 • 10.06.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Իրաքի Մոսուլ քաղաքում բացառիկ Ավետարան են ոչնչացրել.   հայտնում է Интерфакс-ը։


«Նրանք այրել են 90 կգ-ոց հնագույն Ավետարան Մոսուլ քաղաքում։ Քահանաները կոչ էին անում վաճառել իրենց այդ գիրքը, սակայն նրանք չհամաձայնվեցին»,- նշել է Սիրիայի գերագույն մուֆթի Ահմադ Բադրեդին Խասունը, ով այս օրերին գտնվում է Ռուսաստանում։


Նրա խոսքով՝ աշխարհում չի կարող տեղ գտնել այնպիսի հասկացություն, ինչպես «կրոնական պատերազմը»։ «Կրոնը չի մտնում մարդկանց սրտերը՝ թրի միջոցով»,- ասել է նա։


Խասունը կոչ է արել բոլոր բարի կամք ունեցող մարդկանց աշխատել այն ուղղությամբ, որ «այդ վարակը դուրս չգա Սիրիայից և չվարակի ամբողջ աշխարհը»։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Սիրիան փորձում են կիսել՝ ըստ կրոնական նշանակության։