Հարավային Կորեայի նախագահը MERS կորոնավիրուսի պատճառով չեղարկել է այցն ԱՄՆ

10:09 • 10.06.15

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն չեղյալ է համարել հաջորդ շաբաթ ԱՄՆ կատարելիք այցը՝  Մերձարևելյան կորոնավիրուսի ռեսպիրատոր համախտանիշի (MERS) տարածման պատճառով:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այսօր հայտնի է դարձել վարակման 13 նոր դեպքի մասին: Այդպիսով՝ Հարավային Կորեայում վարակվածների թիվը հասել է 108-ի: Մահացել է 9 մարդ:

 

Երեկ նախագահի աշխատակազմը հերքում էր այցը չեղյալ համարելու հավանականությունը:

 

Հարավային Կորեայում հիվանդության տարածման պատճառով փակվել է 2.200 դպրոց ու մանկապարտեզ: Ավելի քան 2.890 մարդ գտնվում է կարանտինի մեջ՝ տներում կամ բուժհաստատություններում, քանի որ շփվել են վարակակիրների հետ ու հայտնվել ռիսկային խմբում: