Մոսկվայում իրավապաշտպանը դատապարտվել է 56 հազար ներգաղթյալի գրանցելու համար

19:51 • 10.06.15

Մոսկվայի Սիմոնովսկիյ դատարանը դատապարտել է մերձմոսկովյան իրավապաշտպանին երկու տարի ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով 56 հազար ներգաղթյալի անօրինական գրանցման մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Դատարանը համաձայնել է դատախազության փաստարկների հետ, որը պնդել է, որ «Защита» աշխատանքային ներգաղթյալների իրավունքների պրոֆեսիոնալ միության 33-ամյա քարտուղար Պավել Կովալենկոն զանգվածաբար գրանցել է ներգաղթյալներին կազմակերպության տարածքներում:


Մեղադրանքի համաձայն՝ 2013 թվականի հունվարից մինչև 2014 թվականի հունիսը Կովալենկոն Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն է ուղղել ավելի քան 56 հազար կեղծ ծանուցումներ «Защита»-ին պատկանող երկու և երեքսենյականոց տարածքներում աշխատանքային ներգաղթյալների բնակության մասին: