Պուտինը մոտ 1 ժամով ուշացել է Հռոմի պապի հետ հանդիպմանը
Իտալիայում այցով գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ 1 ժամ ուշացումով է եկել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպմանը:
Այս արտասովոր ուշացման մասին հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը` վկայակոչելով Catholic News Service-ի համապատասխան հաղորդագրությունը Twitter-ում:
Ըստ այդմ` Վատիկանի ներկայացուցիչը և Հռոմի պապի անձնական քարտուղար Գեորգ Գենսվայնը Պուտինին դիմավորելու են դուրս եկել տեղի ժամանակով ժամը 17:25-ին, սակայն նա ժամանել է միայն 18:10-ին: Առայժմ անհայտ է, թե ինչով է պայմանավորված նման ուշացումը:
Ավելի վաղ Պուտինը հանդիպում էր ունեցել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ: Աղբյուրը հիշեցնում է, որ «Նախագահը» ֆիլմում Գերման Գրեֆը պարզաբանել է, որ Պուտինի ուշացումների պատճառն այն է, որ հանդիպումներին նա թույլ է տալիս արտահայտվել և հանգիստ լսում է բոլորին: Երբեմն Պուտինի խորհրդակցությունները տևում են անգամ նախատեսվածից մի քանի ժամ ավելի, ինչի պատճառով տուժում է նրա գրաֆիկը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե Արևմուտքը Հռոմի պապին խնդրել է կոշտ լինել Պուտինի հետ: Փորձագետների գնահատմամբ էլ Պապի հետ հանդիպմանը Պուտինը փորձելու է ներկայանալ հնարավորինս բարի կողմերով:










