Ֆրանսիական հեռուստատեսային ցանցի վրա կիբերհարձակումը կարող է իրականացված լինել ռուս հաքերների կողմից

13:26 • 10.06.15

Ֆրանսիական TV5 Monde հեռուստատեսային ցանցի վրա ապրիլին իրականացված կիբերհարձակումը, որը մի քանի ժամով արգելափակել էր ցանցի աշխատանքը, կարող է իրականացված լինել Ռուսաստանում գտնվող հաքերների կողմից: Այդ մասին երեքշաբթի հայտնել են հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները և TV5 Monde-ի նախագահը, գրում է France 24-ը:

 

Հեռուստատեսության կայքում անձինք, որոնք նշել էին, որ ներկայացնում են «Իսլամական պետություն» խմբավորումը, ջիհադիստական քարոզչություն էին հրապարակել։ Ֆրանսիական L’Express շաբաթաթերթի տեղեկություններով՝ նշանները ցույց են տալիս «Pawn Storm» անվանումով հայտնի խմբավորման վրա, որը նախկինում որպես թիրախ է ընտրել նաև Սպիտակ տունը, ՆԱՏՕ-ի անդամներին, ռուս այլախոհների և ուկրաինացի ակտիվիստներին պատկանող համակարգիչները:

 

Ապրիլի 8-ի երեկոյան TV5 Monde-ի կայքում և սոցիալական մեդիաների էջերում հրապարակվել էին «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցության խոսքեր: Անգլերենով, ֆրանսերենով և արաբերենով հրապարակված հաղորդագրությունները սպառնալիքներ են պարունակել՝ ուղղված արտասահմանում ծառայող ֆրանսիացի զինվորների ընտանիքներին:

 

Դեռ երկու ամիս առաջ կիբերհարձակման ժամանակ France 24-ի ջիհադիստական շարժումների հարցերով փորձագետ Վասիմ Նասրը կասկած էր հայտնել ԻՊ խմբավորման հարձակման կապերի իսկության վերաբերյալ՝ նշելով, որ արաբերենով գրված հաղորդագրությունները բազմաթիվ ուղղագրական և քերականական սխալներ են պարունակել: