ԱՄՆ-ն ու G7-ի իր գործընկերները կարող են հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Միացյալ Նահանգներն ու «Մեծ յոթնյակի» շրջանակում իր դաշնակիցները պատրաստ են հարկ եղած դեպքում Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանել:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյք Լյուն:
«ԱՄՆ-ն ու G7-ի մեր դաշնակիցները պատրաստ են անհրաժեշտության դեպքում հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, որպեսզի պատասխան տան Ուկրաինայի արևմուտքում այդ երկրի կողմից կիրառվող ագրեսիային»,-ասել է պաշտոնյան` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ:
Բացի այդ՝ Լյուն անդրադարձել է Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու հարցին` նկատելով, որ «հանուն այդ նպատակի բոլոր կողմերը` և՛ վարկատուները, և՛ վարկառուն պետք է պատրաստ լինեն զոհաբերությունների»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Վաշինգտոնում գտնվող Յացենյուկը դարձյալ հայտարարել է իր երկրին «պաշտպանական զենք» տրամադրելու մասին, որը, նրա խոսքով, անհրաժեշտ է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։
«Մենք խնդրում ենք մեզ պաշտպանական զենք տալ՝ ռուսական բանակին զսպելու համար: Ուկրաինան միակ երկիրն է, որը կռվում է ռուսական կանոնավոր բանակի դեմ»,-ասել է նա:
«Մեծ յոթնյակի» երկրներն են՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Կանադան։










