Ադրբեջանցի լրագրողի առողջական վիճակը մեկուսարանում վատացել է
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում պահվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են ի հայտ եկել:
Այդ մասին ադրբեջանական Turan գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Էլմար Սուլեյմանովը:
Նրա խոսքով՝ լրագրողի զարկերակային ճնշումը կտրուկ տատանվում է:
«Այսօր ես Ռաուֆ Միրկադիրովի մոտ էի: Նրա ինքնազգացողությունը լավ չէր: Ինձ հետ հանդիպման եկել էր բժշկի մոտից: Նրա ճնշումը կայուն չէ: Հանդիպումից առաջ կտրուկ ընկել էր: Դրանից հետո նրան դարձյալ բժշկի մոտ պետք է տանեին՝ բուժում նշանակելու համար: Ճնշումը շատ է անհանգստացրել Միրկադիրովին»,-ասել է փաստաբանը:
Սուլեյմանովը նաև նշել է, որ լրագրողը չի դժգոհել իրեն պահելու և վերաբերվելու պայմաններից: Սակայն նրան չի գոհացնում քննության ձգձգումը:
«Զերկալո» թերթի վերլուծաբան Միրկադիրովը ձերբակալվել էր 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո: Նա մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն): Լրագրողը ժխտում է մեղադրանքը:










