Հայաստանի օրենքները բարեփոխվել են` հաշվի առնելով ԵՏՄ-ին անդամակցությունը. Գագիկ Խաչատրյան
Բոլոր փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների նորմալ գործունեության համար, արդեն ներդրվել են գործող օրենսդրությունում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում:
«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կապակցությամբ Ֆինանսների նախարարության առաջնահերթությունների թվում կատարելագործվել է մաքսային օրենսդրությունը, իսկ ոչ ուղղակի հարկերի հարցով մեր հարկային օրենսդրությունը մոտեցվել է ԵՏՄ-ի օրենսդրությանը»,- հայտնել է Գագիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այդ գործընթացի շրջանակում 2014 թվականի վերջին ՀՀ ֆինանսների նախարարությունը մեծ աշխատանք է կատարել, ինչի հետևանքով նոր օրենքներ են ընդունվել և փոփոխություններ են մտցվել մի շարք գործող իրավական ակտերում:
«Թիվ մեկ խնդիրը մենք համարել ենք Հայաստանի և ԵՏՄ երկրների միջև անխափան տեղեկատվական հոսքի ապահովումը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով: Այդ խնդիրն իրականացրել են տեղական մասնագետները՝ ներգրավված օտարերկրյա մասնագետների հետ համատեղ»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ այս տարվա հունվարից Հայաստանի մաքսային ծառայությունն աշխատում է նույն տեղեկատվական միջավայրում, ինչև ԵՏՄ երկրները: Բացի այդ՝ կիրառվում է միության երկրների արտաքին առևտրային գործունեության ապրանքների միասնական ցանկը: «Նշեմ, որ բիզնեսը նախապես տեղեկացվել է սպասվող փոփոխությունների մասին, իսկ մաքսային ծառայության համակարգում ստեղծվել է «թեժ գիծ»»,- ընդգծել է նա:










