Կրեմլում բացատրել են Հռոմի պապի հետ հանդիպմանը Պուտինի ուշացման պատճառը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուշանալը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից տեղի է ունեցել Միլանում ընթացող երկարատև բանակցությունների, ինչպես նաև՝ երկրի ղեկավարի ավտոշարասյան դանդաղ ընթացքի պատճառով, գրում է Forbes.ru-ն՝ հղում անելով նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։
Նրա խոսքով՝ Վատիկանում պարբերաբար տեղեկացվել են ռուս առաջնորդի ուշացման մասին։
«Ուշացումը կապված է եղել նրա հետ, որ մի փոքր երկարել են բանակցությունները Միլանում և ավտոշարասյունը դանդաղ է ընթացել Միլանի և Հռոմի փողոցներով»,- նշել է Պեսկովը։
Մամուլի խոսնակը հայտնել է, որ Պուտինի և Ֆրանցիսկոս պապի շփումն անցել է բարեկամական և կառուցողական մթնոլորտում։
«Նախագահը լիովին բավարարված է պոնտիֆիկոսի հետ հանդիպումից։ Նա նրան շատ խորը և խելացի մարդ է համարում, չափազանց թանկ է գնահատում նրա հետ զրուցելու հնարավորությունը»,- ասել է Պեսկովը։










