Քրդերի առաջնորդ Օջալանը պատրաստ է զենքերը վայր դնելու կոչ անել

14:45 • 11.06.15

Թուրքիայի քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ ցմահ ազատազրկման մեջ գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK)  առաջնորդ Աբդուլլահ Օջալանը պատրաստ է իր կողմնակիցներին կոչ անել վայր դնել զենքերը, եթե կառավարությունը քայլեր ձեռնարկի քրդական հարցի խաղաղ լուծման համար, տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:

 

«Հույս ունենք, որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կկատարի իր նախընտրական խոստումն ու կակտիվացնի քրդական խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Օջալանը պատրաստ է PKK-ին զենքերը վայր դնելու կոչ անել, եթե հարցի կարգավորման համար քայլեր ձեռնարկվեն: Եթե վարչապետն անկեղծ է իր ձգտումներում, ապա մենք պատրաստ ենք հենց վաղը պատվիրակություն ուղարկել Իմրալի (կղզի, որտեղ պահվում է Օջալանը)»,-ասել է Դեմիրթաշը:

 

2012 թվականի հոկտեմբերին Թուրքիայի իշխանությունները բանակցություններ էին սկսել Օջալանի հետ, մշակվել էր «ճանապարհային քարտեզ», որը, սակայն, կյանքի չէր կոչվել Սիրիայի քրդաբնակ Քոբանիում տեղի ունեցած դեպքերից հետո: