Ադրբեջանի իշխանությունները մերժել են հավատարմագրել աշխարհի հեղինակավոր պարբերականների թղթակիցներին

09:23 • 12.06.15

Եվրոպական խաղերի մեկնարկի նախօրեին Ադրբեջանի իշխանությունները մերժել են մարզական միջոցառումները լուսաբանելու համար հավատարմագրել բրիտանական Guardian թերթի մարզական լրագրող Օուեն Գիբսոնին:

 

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, դեռևս հունվարին հավատարմագրման հայտ ուղարկած Գիբսոնին երեկվա դրությամբ դեռ չեն հավատարմագրել: Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովն ասել է, որ հավատարմագրման դիմումները մերժվել են «տարբեր պատճառներով»։

 

Բրիտանական թերթը Գիբսոնին մերժելը պատճառաբանում է անցյալ տարվա դեկտեմբերին նրա Բաքու կատարած այցով: Այդ ժամանակ թղթակիցը նյութ էր պատրաստել Եվրոպական խաղերի նախապատրաստության մասին և հանդիպել էր ռեժիմին քննադատողների հետ, որոնց թվում եղել էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովան, որը հայտնի է Ադրբեջանում կոռուպցիոն հետաքննություններ անցկացնելու նյութերով:

 

Ավելի վաղ մերժվել է նաև գերմանական ARD հեռուստաընկերության թղթակից Ֆլորիան Բաուերը, որը հայտնի է մարզաշխարհում տարբեր սկանդալների բացահայտմամբ:

 

Խաղերի բացման օրը՝ հունիսի 12-ին, գերմանական բունդեսթագը պետք է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին բանաձև ներկայացնի: Իրավապաշտպանների տվյալներով՝  Ադրբեջանում 98 լրագրող ու ակտիվիստ է ձերբակալված իշխանություններին քննադատելու պատճառով:

 

Եվրոպական խաղերը կշարունակվեն մինչև հունիսի 28-ը: Դրանց կմասնակցի 6.000 մարզիկ, այդ թվում՝ հայեր։