Ալյուրին պետք է խառնել ոչ թե հավելանյութ, այլ թեփը, որը պարունակում է երկաթ և ֆոլաթ. կենսաբան
Կենսաբան Դոլորես Ղափանցյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որ պետական այրերը հացին չավելացնեն սննդային հավելում։ Նա նշեց, որ բոլորին է հայտնի՝ Կանադայում քաղցկեղի աճը պայմանավորված է ֆոլաթթվի հետ։
«Որևէ մեկիս հստակ հայտնի չէ, թե ի՞նչ են խառնելու հացին, որքա՞ն է խառնվելու, և իրո՞ք պահպանվելու են նշված միլիգրամները։ Ես վստահ եմ, որ սա ծրագիր է, որը իրականացվում է պարտադրանքով»,-ասաց նա։
Կենսաբանը նշեց, որ հավելանյութը պարունակում է նաև երկաթ, ինչը ավելի ծանր հետևանք կարող է ունենալ առողջության վրա, քանի որ մարդը տարբեր սննդամթերքներից բավարար չափով երկաթ ստանում է։
«Եթե անգամ մարդը երեք տարի շարունակ չուտի այնպիսի սննդամթերք, որը երկաթ է պարունակում, ապա մի քանի տարի նրա օրգանիզմում երկաթը բավարար կլինի»,-ասաց նա։
Դոլորես Ղափանցյանը նաև նշեց, որ ցորենի թեփը իր մեջ պարունակում է ֆոլաթ, որը յուրացվում է մեր օրգանիզմում՝ ի տարբերություն ֆոլաթթվի, և անհրաժեշտ է պարզապես ալյուրի մեջ խառնել ցորենի թեփը և խնդիրը լուծված կլինի։
«Մեր ցորենի թեփը՝ ցորենի սերմնամաշկը, իր մեջ պարունակում է նաև երկաթ և այլ միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Հանել կճեպը ու հետո տալ ֆոլաթթու, անտրամաբանական է»,-ասաց նա։










