Հացը սրբություն է, և չի կարելի այն պղծել. ԳԱԱ պրոֆեսորը՝ ալյուրի հարստացման ծրագրի մասին

13:04 • 12.06.15

Ալյուրի հարստացման ծրագիրը այն հարցերից է, որը ընդհանրապես չպետք է քննարկվի, քանի որ հացը սրբություն է և այն չի կարելի պղծել։ Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ինքը մասնագետ չէ և հարցը կրոնական տեսանկյունից է դիտում։


«15-16-րդ դարերում կաթոլիկ միսիոներները, երբ մեր հայ կիսագրագետ քահանաներին ասում էին, որ պատարագի գինուն ջուր պետք է խառնել, մեր քահանաները կատաղում էին։ Ես այդ տգետ քահանան եմ այստեղ։ Հացը չպետք է պղծել ու ինչ-որ հավելումներ խառնել։ Ես արվեստագիտության մարդ եմ, ու գիտեմ, որ բնության մեջ կան հավերժական սիմվոլներ, հացը այդ սիմվոլներից մեկն է։ Նա բնության հավերժական սիմվոլն է»,-ասաց նա։
 

Հենրիկ Հովհաննիսյանը նշեց, որ հին ժողովուրդների քաղաքակրթության աստիճանը չափել են աճեցրած ցորենով ու խաղողով։ Ըստ նրա՝ այս ծրագրի դատապարտման գործին պետք է մասնակցի նաև եկեղեցին։

 

«Եկեղեցին չպետք է լռի, որովհետև ձեռք է բարձրացվում նրա սրբության վրա։ Ես չեմ կարող ապացուցել կենսաբանորեն, բայց զարմանում եմ, որ գիտնական բժիշկները նալին ու մեխին խփելով՝ անորոշ վիճակ են ստեղծել։ Միջազգային ամսագրերի անուններ են տալիս։ Մենք էլ խոսում ու դատապարտում ենք, բայց չգիտեմ՝ ում է օգուտ այս ծրագիրը, ով է խնդիրը տանում, ում է շահեկան և այլն։ Ամեն ինչ մութ է։ Ես այստեղ միամիտ մարդ եմ, իսկ մասնագետները պետք է լուրջ մտածեն այս մասին»,-ասաց նա։

 

Հենրիկ Հովհաննիսյանը նշեց, որ առաջին անգամ ծրագրի մասին լսելիս մտածել է՝ թշնամու ձեռքի գործ է։
 

«Բնության մեջ հացը աճել է իր օրենքով ու չի պահանջում, որ միջամտեն, նա ամբողջական է բնության մեջ, ու Աստված ոչ մի բան սխալ չի ստեղծել»,-ասաց նա։