Քաղաքական կուսակցությունները նախընտրական «ինկուբացիոն» շրջան են ապրում. Ազատ Արշակյան
Քաղաքագետ Ազատ Արշակյանը գտնում է, որ քաղաքական կուսակցությունները նախընտրական «ինկուբացիոն» շրջան են ապրում։ «Պետք է հաշվի առնել, որ երկու տարի հետ Հայաստանում լինելու են համապետական ընտրություններ և այդ առումով քաղաքական ուժերը պետք է դրան պատրաստվեն և ընդառաջ գնան դրանց»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Նա կարծում է, որ կուսակցությունների կողմից հրապարակային գործունեություն չկա գուցե այն պատճառով, որ ներքին նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքներ են տարվում, ռազմավարություն է որոշվում։ «Ես ենթադրում եմ, որ եթե քաղաքական կուսակցությունը իրեն համարում է իսկապես քաղաքական կուսակցություն, ուրեմն անպայման պետք է մասնակցի համապետական ընտրություններին»,- ասաց նա և նշեց, որ ճիշտ ժամանակին գործընթացը սկսելու դեպքում հաջողության շանսերը մեծանում են։ Ըստ նրա՝ հիմա շատ կուսակցություններ նախապատրաստվում են ընտրություններին։
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորում ստեղծելուն, Ազատ Արշակյանն ասաց, որ ՕԵԿ-ը կոալիցիաներում աշխատելու բավականին լուրջ փորձ ունի, սակայն այս դեպքում տարբերությունն այն է, որ նախկին փորձերում նա միացել է ավելի ուժեղ կազմակերպություններին և հիմա հայտ է ներկայացնում, որ ինքը դառնա այդ կոալիցիա ձևավորողը։
Ընդհանուր առմամբ՝ քաղաքական գործիչը գտնում է, որ ներքաղաքական կյանքում արձակուրդային տրամադրություններ դեռ չկան, ինչը վերաբերում է ինչպես ընդդիմությանը, այնպես էլ իշխանությանը։
«Իհարկե սեզոնայնությունը ազդում է քաղաքական կյանքի վրա, սակայն չէի համարի, որ հիմա քաղաքական լռություն է, քանի որ քաղաքական կուսակցությունները մեկը մյուսին հերթ չեն տալիս իրենց վրդովմունքը, իրենց ծրագրերը, ըմբոստությունը արտահայտելու համար»,- ասաց նա և նշեց, որ եթե արտառոց բան չլինի առաջիկայում քաղաքական կյանքում կսպասվեն արձակուրդներ։
«Կարծում եմ, որ այդ արձակուրդները քաղաքական կուսակցությունները օգտագործելու են ոչ միայն հանգստի համար այլ որոնումների մեջ են լինելու, և նախապատրաստվելու են «թեժ աշնանը»»,- ասաց նա։
Մեր դիտարկմանը, թե այդ «թեժ աշունը» ինչով կտարբերվի նախորդ տարիների «թեժ աշուններից» նա ասաց, որ նախորդ տարիների թեժությունը ենթադրում էր, որ արտահերթ համապետական միջոցառումներ կարող են անցկացվել, սակայն այս տարի օբյեկտիվորեն է աշունը թեժ լինելու։ «Ընտրությունները ունեն նախընտրական շրջան և եթե այդ շրջանը թեժ չլինի նշանակում է, համապետական ընտրությունները կձախողվեն։ Այսինքն՝ մինչ ընտրություններ, քաղաքական կյանքը պետք է եռա։ Ամառային արձակուրդների ժամանակ «առանց փողկապի» քաղաքական գործընթացներ են գնալու, որոնք իրականում լուրջ գործընթացներ են»,- ասաց նա։










