Քարտեզին նայելով անգամ պարզ է, որ Իրան-Հայաստան երկաթուղին Ռուսաստանի համար մրցակցային նախագիծ է. վերլուծաբան

14:29 • 14.06.15

Ակնհայտ է, որ Ռուսաստանը թշնամաբար է վերաբերում Իրան-Հայաստան երկաթգծի շինարարական նախագծին, որը հնարավորություն կտար էապես մեծացնել Հայաստանի դերը տարածաշրջանում` մեր երկրին դուրս բերելով ասիական շուկա: Սա պարզ է անգամ քարտեզին նայելով:

 

Այս մասին Tert.am-ին հայտնեց վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ ներկայացնելով. «Շատ պարզ պատճառով, որ Ռուսաստանը հույս ունի, որ Չինաստանի և Եվրոպայի միջև կապող օղակը պետք է հանդիսանա միայն ինքը: Քարտեզին նայելով պարզ է, որ Չինաստանից Եվրոպա ցամաքով անցնելու դեպքում գնացքները կարող են անցնել կա՛մ Իրանով, կա՛մ Ռուսաստանով, չկա երրորդ երկիր:

 

Հիշեցնենք, որ «Ռուսական երկաթուղիներից» հայտնել էին, որ կարևոր են համարում Իրան - Հայաստան երկաթուղու շինարարությունը` աշխարհաքաղաքական առումով, սակայն այդ նախագծի իրականացումը առանց պետական աջակցության բարդանում է:

 

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` «Ռուսական երկաթուղիներից» հավելել են, թե ընկերության դիրքորոշումը այս նախագծի հարցում չի փոփոխվել, ուղղակի որոշ ԶԼՄ-ներ սխալ եզրահանգումներ են արել:

 

«Անվիճելի է, որ Հայաստան-Իրան երկաթուղին Իրանին հնարավորություն կտա ամենապարզ ճանապարհով կապվել Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ, իսկ Հայաստանին` դուրս գալ Պարսից ծոց, Արաբական ծոց, ինչպես նաև՝ Կենտրոնական Ասիա, ապա` Չինաստան, առհասարակ, ասիական շուկա: Այսինքն` դժվար է գերագնահատել Հայաստան-Իրան երկաթուղու նշանակությունը. կառուցման դեպքում դա կարող է լինել Եվրոպայի ու Ասիայի միջև ցամաքային հաղորդակցության կարևորագույն օղակներից մեկը, ինչը էապես կբարձրացնի մեր երկրի նշանակությունը տարածաշրջանում »,- նկատեց մեկնաբանը:


2014-ի օգոստոսին Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանացած այս նախագծի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ ԱՄՆ դոլար: Իրան -Հայաստան երկաթգծի ձգվածությունը կազմելու է 300 կմ: Սպասվում է, որ երկաթգծի շինարարությունը կավարտվի 2022-ին: Բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 մլն տոննա:
 

Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով հարցին, թե շինարարությունն ի՞նչ ընթացք կստանա, արձանագրեց, որ ընթացք չկա, միայն կան խոսակցություններ, խոստումներ, որոնք իրականություն չեն դառնում:


Քաղաքագետը ամփոփելով` նշեց, որ սա այն հարցն է, որում Հայաստանի ու Ռուսաստանի շահերը տրամագծորեն հակառակ են:

 

«Եվ պարոն Յակունինը, որ մեծ-մեծ խոսում է, որ դա նպատակահարմար չէ, ուրեմն պարոն Յակունինն ինքն է աննպատակահարմար, իր հիմնարկն է աննպատակահարմար և իր երկիրը` իր համար»,-ավելացրեց նա:


 


 

Քարտեզին նայելով անգամ պարզ է, որ Իրան-Հայաստան երկաթուղին Ռուսաստանի համար մրցակցային նախագիծ է. վերլուծաբան